(ծնվ. 1942թ. Սլովակիա)
*
Կնոջ ձիգ դիմակից ներս
վատնիր քեզ,
տանջիր,
սպառիր ժամկետը,
իմաստնացիր:
*
Ալֆան քնում է մինչև ճեղքվելը այգաբացի:
Նա արթնացնում է թռչուններին, ինքն իրեն, մարմրող ածուխները,
կապակցում ոսկորները մաշված,
գունազարդում հոնքերը մեռյալների,
փափկեցնում է կավը մերկ ոտքերով
և նկարում պատկերն իր, թռչունների,
ոտնահետքերը մեռյալների, իր եղունգներով նա ճզմում է
ուռենու մանրաճյուղերը սրածայր,
ճզմում է ամբողջ ուժով.
նա թողնում է սպիներ, նա այսպիսին է:
Տղամարդը կգա նեղ կածանով
ձյան նման կթափանցի
նրա կոպերի տակ:
Նա կծածկի ամեն ինչ:
Տղամարդը հենց ձյունն է:
*
Պահպանել սպիներն այս: Հիշել
եղելությունը «Գաղտնազերծել մեր ներսում ապրող
թռչնի ակնարկը վերջին...»:
Ծլարձակ սերմերը հզզում են երկրագունդը:
Սպասել ճեղքման ճշգրիտ պահին,
կանաչ ծիլը գրգռում է մաշկը խավարի:
Չունեմ ոչ մի քար, որ կհղկի
ձեռքերն իմ, ոչ էլ ջուր սովյալ, որ իմ
բերանն է փնտրում...
ԲՈՒՅՍԻ ՕՐԱԳԻՐԸ
10
Ես պաշտպանում եմ ինձ առօրյա գողտրիկ մահերով: Սերմը դեպ հյուսիս է շտապում: Ներքևի ծառերն աճում են դեպի սեփական էությունը գլխավերևում տմբտմբացող լիալուսնի հայացքի ներքո:
12
Փափագում եմ բառազուրկ մի աշխարհ: Խեղդելու համար գաղափարները սառն ու վայրագ. երկրագնդի վրա հանգչելու և ամենայնը լսելու համար:
Անգլերենից թարգմանեց ՎԱՀԵ ԱՐՍԵՆԸ
No comments:
Post a Comment