Միշել Բատայ. Տոնածառ



Միշել Բատայ
1926-2008թթ. Ֆրանսիա

Տոնածառ (վեպ)
ֆրանսերենից թարգմ. Լաուրա Մարկոսյանը

«Զանգակ-97» հրատարակչություն 
Երևան, 2002թ.






.
-Հայրի՛կ, ավտոմեքենան անսարքություններ ունենո՞ւմ է:
-Սկզբունքորեն ոչ: Ինչու:
-Անսարքությունը լավ է: Չգիտես, թե ինչ է լինելու: Փոքրիկ մի տոն:

.
Ամեն ինչ ինձ հաջողվում էր, որովհետև ես երջանիկ չէի: Առաջ երջանկությունը էկրան էր կազմում իմ և աշխարհի միջև: Այժմ հուսահատված` ես խելքս գլուխս էի հավաքել: 

.
Ես չդարձա ամենալավը: Ես չդարձա ամենավատը: Ես դարձա անտարբեր:
.
Երբ արևմուտքի մարդն անհետանա, երբ Փարիզը փոշու վերածվի համաշխարհային գեղեցիկ կռիվներից հետո, որի գաղտնիքը արդեն մենք գիտենք, օվեռնական հյուղակի մի քանի պատեր կանգուն կմնան` չվստահելով գալիք ժամանակներին:
Այսօր գետնի երես դուրս եկած հանքային այդ պինդ կմախքը հիմնականում ծածկված է խոտով: Մի նոր թախիծ ողողում է նախապապերի այդ գերեզմանոցը, ուր խոսքեըը տարածվում են քամու մեջ: Բայց խոտ միշտ բուսնում է: Ձյունը հալվում է: Ամեն տարի այն սկսում է բուսնել: Երկու կանաչ սարերի խաչմերուկում` գետի մոտ, ծվարել է Ռազակ գյուղը: Ինձ կոչում են Լորան Սեգուր:

.
Սեգուրների բազմաթիվ ընտանիքներ ապրեցին և մեռան այդտեղ: Ես նրանց չեմ սիրում: այնուհանդերձ ես նրանցից եմ սերվում: Իմ մանկությունն ինձ լավ հիշողություններ չպարգևեց: Աշխատում էին համառորեն, բայց առանց բերկրանքի:

.
Օվեռնի դատապարտումը անողոք ձևով տխուր լինելու մեջ է: Բլեզ Պասկալը լավ է ասել, - մարդն իզուր է համառորեն ամեն ինչ անում հեռավոր մոլորակների ճակատագրական պտույտի տակ: Նա երբեք չի թռչի: Նա կմեռնի միայն: Այս ահավոր լեռների վերջին քչախոս գյուղացին անգամ գիտի այս օրենքը: Նրա լռությունը անձկությունն է ու վճիռը: Նա մինչև վերջ կանգնած կմնա և երբ զենիթում նայի արևին` դեմ առ դեմ մահվան երեսին կնայի: Բայց դրանից նա ոչ մի հաճույք չի ստանա: Նա կմեռնի գայլի պես առանց տրտնջալու:

.
«Վտանգավոր է ապրել ուրիշի իրավունքով», - ասում է Բագավատ Ջիտան: Ամենից լավը սեփական իրավունքով մեռնելն է: Իսկ այստեղ գիտեն մեռնել. բոլոր դեպքերում, մեռնել կանգնած, ինչպես ծառերը:

.
Չպետք է ոչինչ ասել: Նրանք արյունոտեցին իրենց բառերը և մեռան անարյուն: Երբեք չպետք է խոստովանել: Ուժի կորուստը չի կարելի բառերով արտահայտել, այն անսահման է: Եթե գերագույն իշխանությունը իրեն կորցրած հեռանում է` դա նրանից է, որ շատ են խոսել: Մի համր գա` նա կղեկավարի աշխարհը:

.
Հավատարիմ մնալու համար` նրանք կլքեն իրար:

.
Յոթ տարեկանից փոքր բոլոր երեխաները շիզոֆրենիկ են:

.
«Մրսում եմ, - ինքն իրեն ասում է Պասկալը: Վրանիս տակ ես սաստիկ մրսում եմ և, անկասկած, ցուրտն արգելում է ինձ քնել: Մյուսները քնած են, և ցուրտը նրանց չի խանգարում: Գուցե հիվա՞նդ եմ: Ստուգելու համար հայրս սովորություն ուներ ձեռքը ճակատիս վրա դնելու: Ես տանում եմ ձեռքս ճակատիս և, ջերմություն չեմ զգում: Բայց ես չեմ հասկանում, ինչո՞ւ պետք է ջերմություն ունենամ: Հաստատ գիտեմ, որ չեմ մրսել: Այդ դեպքում` ինչի՞ց է, որ այդպես մրսում եմ: Հայրիկ, ես ցրտից մեռնում եմ»:

.
Դու ինձ չես տեսնի լաց լինելիս: Ես այն խենթն եմ, որ չի երերում, այն մուրացկանը, որը չի մուրում, այն հաղթվողը, որը պարտություն չի կրում: Ես այն ուրվականն եմ, այն մեկը, որ ուրիշ տեղից է գալիս, բայց ոչ մեը չգիտի, թե որտեղից և ինքն էլ մոռացել է այդ: Ես Աստծո կապիկն եմ, որ ոռնում է գիշերում: Եվ ինչպես ակրոբատն է իր ամենահեգնական գալարման պահին պահպանում իր կոչումը, ինչպես երևում է` ես արժանի եմ այդ կոչմանը, ես քո հայրն եմ:

.
Ռումբը երեք մետր երկարություն ունի և մոտավորապես ինը հարյուր կիլոգրամ քաշ. գեղեցիկ կնոջ համար` քաղաքի մի փոքրիկ ավտոմեքենայի չափ:

.
Ես նայում եմ մեծ բժշկին: Նա անաչառ է: Նա չի ժպտում, լաց չի լինում, չի կարեկցում, չի բողոքում: Արտաքուստ նա տխուր է և հանգիստ, ինչպես խորքն աշխարհի: Այնքան է նա դեմ առ դեմ ակնապիշ նայել մահվան երեսին, որ նրանից չի զարհուրում: Մահը նրան նույնիսկ չի հուզում, նրան այլևս օտար չի թվում: Նա մահը իր մեջ է կրում:

.
Ես չեմ խնդրում, որովհետև ես խնդրել չգիտեմ, բայց ես երկար եմ մնում այդպես` ճակատս քարին հենած և քիչ-քիչ, առանց հիշողության քարի սառնությունը պարուրում է ինձ, և ես խաղաղվում եմ:

.
Սուրբ ծնունդն, իսկապես, շատ դաժան, վայրենի տոն է, քանի որ այդ մանուկը, որ ծնվեց կեսգիշերին... ծղոտի մեջ, ավանակի և եզան խանդաղատագին շնչի ներքո, ախոռի մեջ, մի կույս մորից` այնտեղ` դեպի արևելք, մի նոր դարաշրջան սկսելով  տասնյակ միլիարդավոր ներկա կամ գալիք մարդկանց համար, նրանց տալով առասպելական այդ նշանը, երեսուներեք տարեկանում հասարակությունը նրան կսպանի հանցագործի պես:

.
Ծննդյան տոնը ողբերգական տոն է: Դա հաղթական առավոտն է օրվա, որ միայն մեկ օր է տևում և, ժամը հասնելուն պես` ընկնում է խավարի մեջ: Ծննդյան տոնը դաժան տոն է: Բայց անհրաժեշտ տոն է, քանզի այն պետք է ծնվելու, ապրելու և մեռնելու համար:

.
Երբ մենք նայում ենք արևին, երբ նայում ենք արևի ծագելուն և մայր մտնելուն, մենք զգում ենք, որ մեզ մի շունչ է պետք, ներքին, մտերմիկ մի շնչառություն` ավելացնելու նրան, ինչ արդեն ունենք, գուցե մի փոքր քաջությո՞ւն: Այդ քչի համար, շատ քչի համար մենք կտարածենք մեր թևերը, կթռչենք, կսավառնենք երեկոյան գյուղերի, քաղաքների վրայով, իսկ հետո, հավաքելով մեր քաջությունը, մնաս բարով ասելով այս շատ հին աշխարհին, մեր անհիշելի հիշողություններին, մնաս բարով ասելով ինքներս մեզ, (և ինչպիսի թեթևացում դրանք թողնելու) տոնական հոգով, ազատ սրոտվ, մի ճիգով միայն նետվելու ենք դեպի արևը:
Բանն այդտեղ է, այլ կերպ ասած` շատ ավելի լուրջ, քան քահանաների երգը, քան պապերի այդքան ձանձրալի գրքերը, այդտեղ է բանը` արևի և մեր միջև:



No comments:

Post a Comment