փետրվարի 19ը Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է

Թումանյանն աղջկա հետ
*
Դու մի անհայտ Բանաստեղծ եսչըտեսնըված մինչ էսօր.
Առանց խոսքի երգ ես թափում հայացքներով լուսավոր:
Ես էլասենքզարմանալի Ընթերցող եմ բախտավոր,
Որ կարդում եմ էդ երգերը էսքան հեշտ ու էսքան խոր:

ԳՐԱԴԱՐԱՆՍ

Բազմած են շուրջս նրանք ամեն օր -
Բոլոր հանճարեղ մեծերն աշխարհի,
Երգում են, պատմում ներդաշնակ ու խոր
Միտքն ու գաղտնիքը մահի ու կյանքի:
Ու էսպես` ինձ հետ, իմ տանն ամեն օր,
Ոչ հաց են ուզում ինձանից, ոչ շոր:

Մարիամ Թումանյան. <<Իմ համառոտ կենսագրությունը և իմ հիշողությունները>> գրքից

Բանաստեղծին ճանաչում էի 1882թվականից: Իմ ուշադրությունը գրավեց նրա համակրելի և մշտաժպիտ դեմքը: Ամուսինս հեգնանքով ասում էր.
- Քո Պուշկինը եկավ...
Ես վստահ էի` Թումանյանը նվաճումներ էր ունենալու, թեպետ նոր-նոր էր սկսել պոետական առկայծումներ դրսևորել: Ես շատ եմ արտասվել նրա պատճառով: Հաճախ նամակներս թրջվել են: Նա իր ժամանակը գնահատել չգիտեր, մի բան, որ ցավեցնում էր ինձ: Կարող էր զրույցի բռնվել ցանկացած մեկի հետ: Անփույթ էր կյանքում և իր հաշվարկների մեջ: Ընտանիքի ծանրությունը նրա համար չէր... Երբ փորձեցինք տպագրել նրա բանաստեղծական ժողովածուն, որ հասույթն ուղղվեր կենցաղին, Թումանյանը խառնեց մեր բոլոր հաշվարկները: Նա պատեհ-անպատեհ մտնում էր հրատարակչություն, վերցնում դեռ գրախանութ չմտած ժողովածուն, նվիրում էր ում պատահեր... Ես վիրավորվեցի և փորձեցի հանդիմանել:
- Իմ գրքերը չե՞ն, - պատասխանեց ժպտադեմ:

Թումանյանի Վերնատունը հավաքատեղի էր, բացի գրողներից և արվեստագետներից, այնտեղ խնջույք էին անում շատերը: Տունը հայտնի էր իր քեֆերով: Ես ոչ մի անգամ ներկա չեմ եղել նման հյուրասիրությունների: Վիրավորվում էր անպատեհ շռայլությունների համար, իսկ գումարները Թումանյանի գրպանից չէին դուրս գալիս... Ինձ համար անընդունելի էր այդ կենցաղը:
Նրա կյանքի դժվարություններին ծանոթ լինելով` փորձել էին համոզել, որ քահանա ձեռնադրվի:
- Հոգևորականի հագուստով իմ դուռը չթակես, - բարկացա ես, երբ այդ մասին տեղեկացա:
- Ինչպե՞ս պահեմ այդքան երեխա, - հուզվեց, ձեռքը թափահարեց, հեռացավ հուսալքված:
Չգիտեմ ինչու, ինձ թվաց, թե գնում է մեռնելու: Ամբողջ գիշեր չքնեցի: Առավոտյան գնացի նրա տուն: Կինն իր հանգիստ, անտագնապ ձայնով ասաց.
- Գնացել է առաջնորդարան:

Մեր ժամանակներում ընդունված էր, որ ալբոմի մեջ բանաստեղծություններ գրվեին: Ես խնդրեցի Թումանյանին զետեղել այնտեղ իր ստեղծագործություններից: Նա երեք բանաստեղծություն բերեց` ալբոմի մեջ գրված: Մեկ շաբաթ անց եկավ, վերցրեց այն` պատճառաբանելով, որ նոր գործեր պիտի ավելացնի: Այդպես էլ չստացա այդ ալբոմը:

Թումանյանը կնամոլ չէր, զուսպ էր այդ հարցում: 1908թ. ամառային մի գեղեցիկ օր եկավ մեր տուն... Հեքիաթային օր էր: Ես մենակ էի...
- Մի խոստովանություն պիտի անեմ Ձեզ, Մարմար...
Նա մտերմության պահերին այդպես էր դիմում ինձ:
- Ես վաղուց սիրահարված եմ մի կնոջ, - շարունակեց` շնչասպառ լինելով, - բայց նա ոչինչ չգիտի այդ մասին: Ես տառապել եմ, ցավ եմ զգացել իմ անհաղորդ վիճակից:
- Մի՞թե չի նկատել, - զարմացա ես:
- Ո´չ:
- Ուրեմն այդ կինը հաստ կաշի է ունեցել:
- Չէ, նա շատ քնքուշ է ու զգայուն:
Թումանյանի աչքերը թափանցեցին մինչև հոգուս խորքը: Ձեռքը մեկնեց ինձ: Ես անսովոր դող էի զգում, գլխապտույտ: Մի կերպ ոտքի կանգնեցի: Նա օգնեց ինձ, որ նստեմ աթոռին: Վսեմ ու անկրկնելի րոպեներ էին: Դռան զանգը սթափեցրեց: Ես սենյակ մտա... Ամուսինս և երեխաներս էին... Թումանյանը գնաց: Այդ գիշեր ինձ թվում էր, թե այրվում եմ կրակների մեջ: Ես քննում էի իմ ներսը, չէի կարող դժբախտացնել ուրիշ կնոջ, թեպետ մենք իրար հասկանում էինք հայացքներով անգամ: Հաջորդ օրը մեր տուն եկավ:
- Լսիր, Մարմար, ես էլ լռել չեմ կարող, - բռնեց ձեռքս:
Քաջություն չունեցա հետ քաշելու:
Նա խոսում էր բանաստեղծորեն: Ես լուռ էի...
դեռատի Մարիամը
- Գիտե՞ք ինչու վերցրի ալբոմը, չէի կարող չխոսել իմ սիրո մասին: Դուք սիրո՞ւմ եք ինձ...
Ես շարունակում էի լռել: Ես պատասխան չունեի: Ես գլխահակ արտասվում էի: Ես չկայի... Թումանյանը փորձեց գրկել ինձ: Հետ-հետ գնացի: Ներքին  մի ձայն ինձ ասում էր` ո´չ:
Նա ոտքի կանգնեց ու նետվեց դուրս: Երկար ժամանակ չտեսա Թումանյանին: Իմ մերժումը վիրավորել էր նրան: Մեր ընկերության մեջ ինչ-որ բան փոխվել էր...

Երբ ինձ հայտնեցին, որ ծանր հիվանդ է, գնացի նրան տեսնելու: Համոզված էի, որ տեսնելու եմ նախկին բարեկամին, նրա խոսուն աչքերը... Մտա ննջասենյակ: Թումանյանը պառկած էր` նիհար, գունատ: Մեկնեց իր ձեռքը և ժպտաց: Ես փորձեցի մծիթարել, գոտեպնդել: Մեկ ժամ նստեցի կողքին: Սոսկալի էր նրան տեսնել այդ վիճակում: Չդիմացա: Դուրս  նետվեցի:

Երբ Թումանյանի մահվան բոթն ինձ հասավ, ե սմեծ կսկիծ զգացի, անվերջ արտասվում էի: Ես ողբում էի իմ մտերիմ բարեկամի, ոգեղենիկ ընկերոջս մահը:
Հիշում էի բոլոր հաճելի պահերը, մեր զրույցները: Տանջահար էի: Նրա թաղմանը մասնակցելու ուժ չունեի:
Թաղման նախօրյակին ես գանցի Հայարտուն, որտեղ դրված էր նրա դին... Անբացատրելի զգացածս: Սպասեցի, որ բոլորը դուրս գան: Կանգնեցի նրա աճյունի առաջ: Սիրտս ալեկոծվում էր: Իմ քարացումը ուրիշ աշխարհ էր տանում ինձ: Հասկացա այդ պահինիմ կորստի գինը: Վճռեցի չմասնակցել թաղմանը:
Փողոցից ձայներ լսվեցին: Ես պատուհանից դուրս նայեցի: Թափորը Թումանյանի տանում էր մեր տան կողքով... ընտրել էին այդ ճանապարհը: Ես մինչև օրս ինձ չեմ ներում, որ հուղարկավոր չեղա, և մի հարց մինչև օրս տանջում է ինձ.
- Ինչո՞ւ, ինչո՞ւ ավարտը այդպիսին է...
Թվում էր, թե Թումանյանը հանդիմանում է ինձ իր քարացած հայացքով... Հիշեցի նրա մի նամակը.
<<Աշնան այնքան անուշ ու տխուր լռության մեջ լսում եմ միայն թափվող տերևների դալուկ շշունջները և թռչունների հրաժեշտի սրտաճմլիկ ծլվլոցը, որ դեղնած ճյուղերի մեջ իզուր գարուն են որոնում: Ծլվլում` ով գիտե ինչ ափսոսանքներ, ինչ հիասթափություններ, ու արևի վերջալույսի շողերի տակ մտածում եմ, որ վերջն էլ, մահն էլ կարող է սիրուն լինել, ինչպես աշունն այս հովիտում>>:
Ո´չ, սիրելի բարեկամս, մահը սիրուն լինել չի կարող:

No comments:

Post a Comment