Հասմիկ Խեչիկյան

գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու



ԼՈՒՍՆՈՏ ԲԱՌԵՐԻ ԵՐԿՐԱՅԻՆ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ


Այսօր գրականություն է մտնում մի հետաքրքիր սերունդ, որը գրական մամուլում տպագրած ստեղծագործություններով, իսկ ոմանք արդեն` առաջին գրքերով, հավակնում են կարևորվելու ինքնատիպ խոսքով և առաջիկայում գրական ոլորտում նոր ակտիցություն մտցնելու հույսեր են ներշնչում: Արդեն անուններ կարելի է առանձնացնել և այդ անուններից մեկն էլ հաստատապես Հասմիկ Սիմոնյանն է:

Հ. Սիմոնյանի «Լուսնոտ բառերը», երիտասարդ բանաստեղծուհու առաջին գիրք լինելով հանդերձ, ընթերցողին առաջին իսկ տողից ստիպում է ձգվել, լուրջ վերաբերվել նրան, իսկ գրականագետին ստիպում հետևել մամուլում Հ. Սիմոնյանին` նոր խոսք արձանագրելու ակնկալիքով:
Կարևոր է, որ Հ. Սիմոնյանի պոեզիան հեռու է միատոնությունից: Այն տրամադրությունը, զգացողությունը, իրադարձությունը, որ Հ. Սիմոնյանին «ստիպում են» գրիչ վերցնել, չեն ստիպում նրան պտտվել միայն իրենց շուրջ. նրանց առաջացրած ամբողջ խառնաշփոթը բանաստեղծի մտքում և հոգում, արդեն բավականին կանոնակարգված, տեսնում ենք որպես բանաստեղծություն, որպես բանաստեղծական պատկերներ: Բանաստեղծության «դրդիչը» դառնում է առանցքային տրամադրություն, իսկ «արբանյակ» մտքերը` այն թաքցնող և բացահայտող միաժամանակ: Առաջին հայացքից Հ. Սիմոնյանի բանաստեղծություններն իրենց գունագեղությամբ հիշեցնում են ներկապնակ, որտեղ բոլոր գույները խառնված են իրար, սակայն հանկարծ տեսնում ես, որ բավականին հմուտ ձեռք է դրանք խառնել և որ այդ գույների խառնուրդից բոլորովին նոր ու հետաքրքիր երանգներ են ստացվել:
Հ. Սիմոնյանի մեջ կան միաժամանակ տագնապողը, որոնողը, գտածից քաոս սարքողը և վերջինիս հսկող սթափ հայացքը. մի կողմից տեսնում ենք ապրումների, զգացողությունների հոսք, մյուս կողմից` դրանք կարգավորող սթափ բանականություն և բանաստեղծական պատկերի կառուցման տեխնիկային տիրապետող, իր մասնագիտության մեջ հմտացող ձեռք: Իհարկե, այդ ամբողջ զգացածը բանաստեղծության մեջ ամենայն խտությամբ տեղավորելն ինչ-որ տեղ դառնում է թերություն, զգացողությունների տարափը պատկերների կուտակում, խառնաշփոթ է ստեղծում, որը հասկանալը ընթերցողից ճիգ է պահանջում:
Գրքում կա հասունության սահմանին կանգնած աղջկա աշխարհը, իր շրջապատը, իրեն ճանաչելու փորձ, համարձակություն` ցույց տալու իր զգացածը, համոզմունք, որ այն եթե ամենաճիշտն էլ չէ, գոնե այնքան յուրահատուկ է, որ արժանի է գրվելու և ընթերցվելու: Նա իր յուրաքանչյուր զգացածին պաատկերային մարմնավորում է տալիս, հաճախ իր զգացածը շրջապատող իրերին վերագրում, կողքից նայելով իր ապրումին («…ու ես փակցնում եմ լուսամփոփների` / թախիծով լցված միայնության մեջ մարմինս` ծածկված վերջակետերով…», էջ 36), երբեմն էլ էլի մի լրացուցիչ զուգահեռ է անցկացնում և համեմատության համար մի ավելի շոշափելի պատկեր գտնում, որը նույն զգացողությունը պետք է առաջացնի և հաստատի կամ ուժգնացնի ապրում-զգացումը («Միաժամանակ», էջ 32): Դրա շնորհիվ զգացողությունն ընդհանրանում է. ասենք դժգոհությունը եթե օրվան ու փողոցին է վերագրվում, դադարում է միայն Հասմիկինը լինելուց (էջ 31): Մյուս կողմից փոխաբերությունների և հատկապես անձնավորման` բանաստեղծության կառուցման հիմնական միջոց դարձնելը հարստացրել է բանաստեղծության զգայական դաշտը և շնչավորել բանաստեղծության մեջ ներառված շրջապատը («Մենակության վերնաշապիկով», «Կիսատ դիմագծեր», էջ 42): Հասմիկի բանաստեղծությունն ունի ժամանակակից բանաստեղծության կարևորագույն հատկանիշը. այնտեղ նա կերպար է կերտում (իր կերպարը)` իր բնավորությամբ, զգացումներով, շրջապատով: Հասմիկի անձնավորած շրջապատը, զգացողությունները, տրամադրությունները կարծես նույնպես առանձին կերպարներ լինեն և նրա ընկերները («…Լայն բացված աչքերով իմ տխրությունը/ բարակ մի մազ է թերթերի վախեցած էջերի արանքում…», էջ 45):
Հ. Սիմոնյանի բանաստեղծություններին առնչվելիս առաջինը տպավորում է նրա պատկերային մտածողությունը, որը միշտ զարմացնում էիր գյուտերով: Սակայն գրքում ասելիքին որոշակի հստակեցում է պակասում. պատկերները, որքան էլ գեղեցիկ և գտնված, հաճախ ասելիքն ամբողջությամբ տեղ չեն հասցնում, և իրենք են որպես առանձին միավոր գրավում նրա ուշադրությունը, այլ կերպ ասած, պատկերների շրջապտույտում ես հայտնվում և ակամա կորցնում ասելիքի ծայրը:
Գրքից հետո էլ Հ. Սիմոնյանը հաճախակի տպագրվում է գրական մամուլում, և զարգացումները բավականին հետաքրքիր են: Կտրուկ փոփոխություններ չկան, բայց կա հետևողական աճ, իր ընտրած տարածքում ավելի կատարելագործվելու հստակ միտում և դրա հաջող իրագործում: Գրքից հետո տպագրված բանաստեղծություններում պատկերների բեռնաթափում է նկատվում. բանաստեղծությունը զուլալվում է: Գործիքները մնում են նույնը, մի փոքր նրանց ֆունկցիայի մեջ է փոփոխություն մտցվում. այստեղ արդեն արբանյակ մտքերը, համեմատություններն ու փոխաբերությունները թաքցնելու ֆունկցիան գրեթե կորցնում են և բացահայտելու, լրացնելու դերակատարումն են մեծացնում: Նաև պետք է նշել, որ գրքում դեռևս զգալի է Հովհ. Գրիգորյանի ազդեցությունը Հասմիկի վրա, որից նա գնալով ազատվում է, ինչի հետևանքով, թե շնորհիվ, հետզհետե ընդգծվում է նրա իսկ սեփական նկարագիրը, որը, համոզված ենք, նրա հետագա գրքերում առավել ամբողջական կդառնա` մեզ ներկայանալով որպես իր ինքնատիպ ներաշխարհն ու յուրօրինակ հետագիծն ունեցող ստեղծագործող:
Եղիցի Լույս 2007

No comments:

Post a Comment