Միլան Կունդերա. Կեցության անտանելի թեթևությունը




Միլան Կունդերա   Milan Kundera
(ծնվ. 1929թ., Չեխոսլովակիա)

Կեցության անտանելի թեթևությունը 
(վեպ)
ֆրանսերենից թարգմանեց Շուշանիկ Թամրազյանը

Անտարես հրատարակչություն
Երևան, 2015թ.





Եթե ֆրանսիական հեղափոխությունը հավերժորեն կրկնվեր, ֆրանսիական պատմությունը նույնքան հպարտ չէր լինի Ռոբեսպիերով: Բայց որովհետև այն խոսում է մի բանի մասին, որն այլևս չի վերադառնա, արյունալի տարիներն այլևս բառեր են միայն, տեսություններ, բանավեճեր, որոնք լինելով ավելի թեթև, քան փետուրը՝ չեն վախեցնում: Անսահման մեծ է տարբերությունն այդ երկու Ռոբեսպիերների միջև. առաջինը, որ պատմության թատերաբեմում է հայտնվել այդ մեն և միակ անգամ, և երկրորդը, որ հավերժորեն վերադառնում է ֆրանսիացիների գլուխը թռցնելու:

Հաշտությունը Հիտլերի հետ մատնում է բարոյական խոր այլասերվածությունը մի աշխարհի, որ էապես հիմնված է վերադարձի չգոյության վրա, որովհետև նման աշխարհում ամեն ինչ ի սկզբանե ներված է, ուստի և ցինիկաբար թույլատրելի:

Թոման անբացատրելի մի սեր էր զգացել այդ աղջկա հանդեպ, որին գրեթե չէր ճանաչում: Ասես երեխա էր, որին դրել էին ձյութապատ զամբյուղն ու հանձնել գետի հոսանքին, որ ինքն այն ընդունի մահճակալի ափին:

Կյանքում ամեն ինչ ապրում ես միանգամից, առաջին անգամ և առանց նախապատրաստվելու: Ասես դերասանը բեմ բարձրանա միանգամից՝ առանց փորձելու: Իսկ ի՞նչ արժեք ունի կյանքը, եթե կյանքի առաջին փորձն արդեն իսկ կյանքն է:

Այն էսքիզը, որ մենք կոչում ենք կյանք, ոչնչի էսքիզն է, մի ուրվապատկեր, որին չի հետևի ոչ մի կտավ:

Թոման մտքում կրկնում է գերմանական մի ասացվածք. einmal ist keinmal,  մի անգամը հաշիվ չէ, մի անգամը ոչ մի անգամ է: Ընդամենը մի կյանք ապրելը նման է առհասարակ չապրելու:

Սերը կարող է ծնվել ընդամենը մի փոխաբերությունից:

Այն օրից, ինչ մարդն ունակ է իրենց անուններով կոչելու մարմնի բոլոր մասերը, մարմինը նրան ավելի քիչ է անհանգստացնում: Այսուհետև յուրաքանչյուրը գիտի նաև, որ հոգին ընդամենը ուղեղի գորշ նյութի գործունեության արդյունքն է: Գիտական տարբեր եզրույթներ կոծկել են մարմնի և հոգու երկվությունը, և այսօր այն թվում է այլևս հնացած մի նախապաշարում, որն անկեղծ ծիծաղ է առաջ բերում:

Մայրն այդ ժամանակ երեք, թե չորս տարեկան էր, և հայրն ասում էր դստերը, թե նա Ռաֆայելի Տիրամորն է նման: Աղջիկը դա ի գիտություն ընդունեց և ավելի ուշ՝ արդեն վարժարանի նստարանին, դասախոսին լսելու փոխարեն, ինքն իրեն հարց էր տալիս, թե որ կտավին կարելի է նմանվել:

Եթե մայրությունն ինքնին Զոհաբերությունն է, դուստր լինելն ուրեմն այն Սխալն է, որը երբեք ոչնչով չես կարող քավել:

Թերեզայի համար գիրքը ծածուկ եղբայրության տարբերանշանն էր:

Պատահականությունն ունի իր կախարդանքները, անհրաժեշտությունը՝ ոչ: Որպեսզի սերը դառնա անմոռանալի, առաջին իսկ ակնթարթից պատահականությունները պետք է գան-հավաքվեն, ինչպես թռչունները՝ Սուրբ Ֆրանցիսկոսի ուսերին:

Թերեզան եկել էր Թոմայի կյանք, որ փախչի մոր աշխարհից, որտեղ բոլոր մարմինները նույնն էին, հավասար: Նա եկել էր Թոմայի կյանքը, որ իր մարմինը դառնա միակը և անփոխարինելին:

Երազն ապացուցում է, որ երբևէ գոյություն չունեցած բաներ երևակայելը, երևակայելը մարդու ամենահզոր կարիքներից է:

Այն, ինչ ընտրության արդյունք չէ, չի կարելի ո՛չ արժանիք, ո՛չ էլ ձախողում համարել:

Ֆրանցը մոտավորապես տասներկու տարեկան էր, երբ մի գեղեցիկ օր նրա մայրը մենակ մնաց. Ֆրանցի հայրն անսպասելիորեն հեռացել էր: Ֆրանցը գլխի էր ընկնում, որ լուրջ ինչ-որ բան է պատահել, բայց մայրը կոծկում էր դա չեզոք և զուսպ խոսքերով՝ որդուն հարվածի չենթարկելու համար: Այդ օրը, երբ պատրաստվում էին դուրս գալ բնակարանից՝ քաղաքում միասին մի պտույտ գործելու համար, Ֆրանցը նկատեց, որ մայրը երկու տարբեր կոշիկներ է հագել: Նա շփոթված էր. ուզում էր մորը զգուշացնել՝ միաժամանակ վախենալով նրան վիրավորելուց: Ֆրանցը երկու ժամ անցկացրեց մոր հետ փողոցներում շրջելով՝ չկարողանալով հայացքը կտրել նրա ոտքերից: Այդ օրը նա հասկացավ՝ ինչ է նշանակում տառապանք:

Մեղեդին ֆրազների ժխտումն է, մեղեդին չ-բառն է:

Նրանք զարմանում էին. «Ինչպե՜ս, չե՞ս ուզում պայքարել երկրիդ օկուպացիայի դեմ»: Սաբինան ուզում էր նրանց ասել, որ կոմունիզմի, ֆաշիզմի, բոլոր օկուպացիաների և բոլոր ներխուժումների տակ առավել խորքային և համամարդկային չարիք է թաքնված. այդ չարիքի պատկերը մարդկային թափորն էր, որ քայլում է՝ ձեռքերը վեր պարզած ու միաձայն միևնույն վանկերը ճչալով: Բայց Սաբինան գիտեր, որ չի հաջողվի դա նրանց բացատրել: Նա կարկամեց ու գերադասեց խոսակցության թեման փոխել:

Այդ սխալմամբ ստացված գեղեցկությունը գեղեցիկի պատմության  վերջին փուլն է:
Սաբինան մտածում էր իր առաջին իսկապես հաջողված կտավի մասին. դրա վրա սխալմամբ կարմիր ներկ էր թափվել: Այո՛, նրա կտավները կառուցված էին սխալի գեղեցկության վրա, և Նյու Յորքը Սաբինայի նկարների թաուն և ճշմարիտ եզերքն էր:

Մենք տարբեր հարթությունների վրա ենք ապրում, Սաբինա՛: Դու մտար իմ կյանքը, ինչպես Գուլիվերը՝ թզուկների աշխարհ:

Գեղեցկությունը դավաճանված աշխարհ է: Նրան կարող ես հանդիպել միայն, երբ հետապնդողներն այն սխալմամբ մոռացել են ինչ-որ տեղ: Գեղեցկությունը թաքնված է մայիսմեկյան թափորի դեկորի ետնաբեմում: Այն գտնելու համար պիտի պատռես դեկորի կտավը:

Սիրել նշանակում է հրաժարվել ուժից:

Ինքը ստիպված էր լինելու թատրոն խաղալ բոլորի աչքի առջև, Սաբինա լինելու փոխարեն Սաբինայի դերն էր խաղալու՝ փորձելով գտնել խաղալու համապատասխան ձևը: Հրապարակային դառնալով՝ իրենց սերը կշիռ էր ձեռք բերելու, դառնալու էր բեռ:

Եթե գերեզմանը փակված է քարով, նշանակում է՝ չեն ուզում, որ հանգուցյալը վերադառնա: Ծանր քարն ասում է վերջինիս. «Մնա՛ այնտեղ, որտեղ պառկած ես»:
Սաբինան հիշեց հոր գերեզմանը: Գերեզմանի վերևում կավ է, կավահողի վրա ծաղիկներ են աճում, թխկենու արմատները երկարում են մինչև դագաղը և մտքումդ կարող ես պատկերացնել, որ արմատների և ծաղիկների միջով ննջեցյալը դուրս է գալիս շիրիմից: Եթե Սաբինայի հորը քարով ծածկած լինեին, նրա մահից հետո երբեք չէր կարողանա հետը խոսել, ծառի սաղարթի մեջ չէր լսի նրա ձայնը, որ ներում էր իրեն:

Նա գիտի, որ բեռ է Թոմայի համար, չափից դուրս լուրջ է ամեն ինչին վերաբերվում, ամեն ինչից ողբերգություն է սարքում, նրան հասու չէ մարմնական սիրո թեթևությունն ու զվարթ անկարևորությունը: Կուզեր՝ իրեն սովորեցնեին ժամանակավրեպ չլինել:

Հեկեկոցներից ցնցվող մարմնով գրկել էր ծառը, ասես իր դիմաց ոչ թե ծառ էր, այլ իր հայրը, որին կորցրել էր, իր պապը, որին չէր ճանաչել, իր նապապապը, իր նախա-նախապապը՝ անասելի ծեր մի մարդ, որ գալիս էր ժամանակի հեռու խորքերից՝ ծառի անհարթ կեղևի տակից Թերեզային իր դեմքը պարզելով:

Եթե մամուլը խոսում էր դրանից, նշանակում է՝ դա ձեռնտու է երկրի տերերին:

Սերը մեզ տրված ազատությունն է:

Կիտչի թագավորությունում սրտի բռնատիրությունն է իշխում:

Այդ ժամանակ էր, որ թերթերը սկսեցին հանդես գալ առանձին հոդվածաշարերով կամ հատուկ արշավներ կազմակերպել ընթերցողների նամակների անվան տակ: Օրինակ՝ պահանջում էին քաղաքներում բնաջնջել աղավնիներին: Եվ իրոք բնաջնջեցին: Բայց արշավն ուղղված էր հատկապես շների դեմ; Մարդիկ դեռ չէին հասցրլ սթափվել օկուպացիայի աղետից, բայց թերթերում, ռադիոյով և հեռուստատեսությամբ խոսվում էր բացառապես քաղաքային մայթերն ու զբոսայգիներն աղտոտող շների մասին, որ, այդպիսով, լուրջ սպառնալիք էին երեխաների առողջության համար և առհասարակ ոչ մի բանի համար պիտանի չէին, թեև նրանց պետք էր կերակրել: Մի տարում մարդկանց ներսում կուտակված քենը (որ նախ փորձարկել էին կենդանիների վրա) վերջապես ուղղվեց իր ճշմարիտ թիրախին՝ մարդուն: Սկսվեցին հեռացումները, ձերբակալությունները, դատավարությունները: Կենդանիները վերջապես կարող էին հանգիստ շնչել:

Նիցշեն եկել էր ձիուց ներողություն խնդրելու Դեկարտի գործած սխալի համար: Նրա խելագարությունը (այսինքն՝ ամենախորքային խզումը մարդկության հետ) սկսվում է հենց այդ պահին, երբ նա ձիուն փաթաթված՝ լաց է լինում:

No comments:

Post a Comment