Զրույց. Իրական ինֆո





1 Հասմիկ քո գործերը թարգմանվել են ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, ուկրաիներեն, իտալերեն, իսպաներեն, պարսկերեն, վրացերեն, թուրքերեն, սերբերեն․․․մեր փոքրիկ երկրում ապրող այսքան երիտասարդ գրողի համար բավական խոստումնալից շարք է․․․այո՞։

Ես մոտ երեսուն տարեկան եմ, ինչը բնավ էլ այդքան երիտասարդ չի բանաստեղծի համար, իսկ թարգմանվել են բանաստեղծական շարքեր՝ տպագրվելով ամսագրերում ու անթոլոգիաներում, այ եթե այդ լեզուներով առանձին միայն իմ գրքերը տպված լինեին, ոչ միայն խոստումնալից, այլև կարելի կլիներ գործածել փառահեղ և շքեղ ածականները: Թեև վերջերս մասնակցում էի «Գրական տապան» փառատոնին, չինուհի մասնակիցը՝ Մինգ Դին, ով վիզուալ պոեզիայով է զբաղվում, պարզվեց, որ կարդացել է ինձ ԱՆգլիայի «Arc» հրատարակչության կողմից կազմած անթոլոգիայում և շատ տպավորված էր, փնտրել էր ինձ և այլն, բնականաբար, ես ավելի էի տպավորված. մտքովս չէր անցնի, որ Չինաստանում ինձ կարդում են:

2 Հասմիկ, Հայաստանում այսօր գրողի «տեղը» որտե՞ղ է (ո՞նց ես քեզ զգում, ինչպիսի օդ ու մթնոլորտ է կոնկրետ քեզ համար)։

Մենք ապրում ենք մի երկրում, ուր շատ կրքոտ են անդրադառնում ամեն տեսակի մանրուքներին, հատկապես՝ մեծ գաղջի բաղադրիչ լեգոներին: Կուզեի նույն կրքոտությամբ քննարկվեին, օրինակ, Զավեն Բոյաջյանի թարգմանած Հենրի Միլլերի «Խեցգետնի արևադարձը», ուր և՛ շքեղ հայերեն կա, և՛ ուրիշի կյանքը քո կյանքի բացթողումների մեջ լցվող և ծակուծուկերը փակող մեծ փորձառություն, ինչպես, օրինակ, քննարկվում են հայտնի վաստակավորները: Եթե ամեն մեկը նույն պարտքի զգացումով անդրադառնար ասենք պոեզիային, ինչպես, օրինակ, մեկ մարդու նման սկսում են գրել, որ ձյուն եկավ կամ ուժեղ ու թույլ անձրև, ոչ միայն ես ինձ լավ կզգայի, այլ, մեծագույն վստահությամբ եմ ասում, նաև հենց այդ մարդկանց կյանքը որակապես կփոխվեր դեպի ավելի դրականը, մեկ քայլով ավելի մոտ կլինեին լուսավոր Հայաստանին: Իսկ գրողի տեղը, ինչպես հենց բառն է հուշում, գրելու տեղում է: Հենց գրելու տեղից գրողը վեր է կանգնում, վերածվում է կարևոր այլ մարդու՝ քաղաքացու, գործընկերոջ, սիրեկանի, տան տնտեսուհու, մոր, հոր, քրոջ և այլն, բայց ոչ գրողի:   

3 Հայաստանում կազմակերպվող գրական փառատոնները ի՞նչ են տալիս։ Գտնո՞ւմ ես դրանցում ինչ-որ մի բան որ փնտրել ես․․․

Շարունակում եմ այն մտայնությունը ունենալ, որ գրական փառատոնները մեզանում ավելի շատ ուտել-խմելու, տուրիստական այցերի և հրավիրվածներից Հայաստանի մասին հիացական բառ պոկելու մասին են, քան գրականության: Թեև շատ կարևոր է նաև անձնական նախաձեռնությունը: Դու կարող ես նույն հրավիրված գրողների հետ սելֆի անել, ժպտալ և կարող ես առանձնանալ ու խոսել գրքերից ու գրականությունից: Ընտրությունը քոնն է: Ինչպես վերևում արդեն ասեցի՝ «Գրական տապանին» էի մասնակցում: Պարսիկ գրողների հետ ծանոթացա, ովքեր լրիվ այլ կողմից ինձ համար բացահայտեցին պարսկական այսօրիկ գրականությունը: Ալիսիա Կիրակոսյանը, Վահե Գոդելը մորս սեղանի գրքերն էին, (հիմա ինձ հետ հավասար ժամանակակից գրականություն է կարդում), ու անչափ ուրախացա, որ Վահե Գոդելին տեսա հյուրերի մեջ, մի տեսակ չէի հավատում, որ ինքը կար, էդպես կզարմանայի, եթե, օրինակ, Հովհաննես Թումանյանին տեսնեի:

4 Ես գիտեմ քո մեծ սիրո մասին Ֆրիդա Կալոյի հանդեպ։ Նա քեզ ոգեշնչո՞ւմ է։

Ես Ֆրիդայի սիրելն եմ սիրում և անտանելի մեծ մենակությունը: Էնքան մարդկային բան կա իր մեջ, ոչ պաթետիկ, ոչ վեհ ու վսեմ: Հասկացող կին, չափազանց կին, ով կոշկակարի պես գռեհիկ հայհոյում էր և խուժան անեկդոտներ պատմում՝ հունից հանելով Մեքսիկայի վաստակավոր արտիստ Դիեգո Րիվերային: Ֆրիդայի բժիշկներից մեկը պատմում է, որ երբ Ֆրիդան հերթական անգամ հիվանդասենյակում ոտքի սաստիկ ցավից գալարվելով պառկած է եղել, ողջ գիշեր Ֆրիդայի պատուհանի տակ հսկայամարմին Դիեգոն արջի պես պարել է ու թռվռացել, որ իր Ֆրիդուչան լավ զգա: Իր տղամարդ-վթար Դիեգոն:

5 Ի՞նչ նոր ծրագրեր ունես, ի՞նչով ես այժմ զբաղված։

Այժմ խմբագրում եմ Լուսինե Եղյանի բանաստեղծությունների գիրքը: Լավայի պես եռման ու շռնդալից գիրք է, մատներս հաճույքից վառելով աշխատում եմ, կազմում գիրքը, երբեք նման անհամբեր սիրով ոչ մի գործ չեմ արել, մենք նմանատիպ պոեզիայի պետք ունենք, Լուսինե Եղյան, էս անունը հիշեք ու մոտ ապագայում փնտրեք գրախանութներում: Դուք չեք փոշմանի: 

Աշխեն Քեշիշյան

Տեսնել ամբողջ նյութը irakan.info 2015թ.

No comments:

Post a Comment