Եկավ` «հանրային գերեզմաններին» Ո՛Չ ասելու

Եկավ` ''հանրային գերեզմաններին'' Ո՛Չ ասելու
Համազգային հայ կրթական և մշակութային միության հրատարակությամբ օրերս լույս տեսավ «18-33. Արդի հայ պոեզիայի անթոլոգիան»` կազմված միության նախագահ Լիլիթ Գալստյանի եւ գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի կողմից։ Ժողովածուում տեղ են գտել 18-ից 33 տարեկան 13 բանաստեղծների ստեղծագործություններ:

Yerkir.am-ի հետ զրույցում գրող Տաթեւ Չախչախյանը նշեց, որ, ընդհանրապես, գրականությունը միջոց է` սերնդի մտածողությանը եւ հուզող խնդիրներին ծանոթանալու համար:

«Անթոլոգիայում մի ամբողջ սերնդի գրական մտահոգություններն են, կատարվող գրական գործընթացները: Սա պատասխան է այն բոլոր դեպքերին, երբ ասում են, որ ժամանակակից գրականություն չկա»,- ասաց Չախչախյանը` հավելելով, որ անթոլոգիաների նպատակը ընթերցողին գրական գործընթացների ավելի լայն շրջանակի հետ ծանոթացնելու համար է:
Չախչախյանը կարծում է, որ ընթերցող-գրող կապի մեջ իր մեծ դերը կարող է ունենալ գրականագետը, սակայն այսօր մեզ մոտ այդ խնդիրը չի լուծվում` ընթերցողը դժվար թե գրականագետի միջոցով հասնի գրողին. «Շատ ավելի լավ կլինի, եթե գրաքննադատը եւ գրականագետը կենդանի շփման մեջ լիներ գրականության մեջ, այսինքն` գրականագիտությունը չլինի ակադեմիական կերպարի մեջ, այլ ավելի «բացվի եւ դուրս գա» դեպի ընթերցողը, քանի որ ընթերցողն ունի գրականագետի կարիքը` հասկանալու համար գրականությունը»:

Բանաստեղծ Կարեն Անտաշյանի հավաստմամբ` անթոլոգիան կազմողները շուրջ երեք տարի են աշխատել, եւ այն ժամանակ ինքը միայն երկրորդ`«Անտաշատ» գրքից էր որոշ բանաստեղծություններ ուղարկել:

«Հրատարակելուց առաջ, երբ վերանայելու անհրաժեշտություն առաջացավ, պարզվեց, որ ներկայիս ստեղծագործական ընթացքը շատ է տարբերվում այդ շարքից, եւ ես մեծ ջանքերի գնով կարողացա հասնել նրան, որ որոշ գործեր դուրս գան, եւ նոր շրջանի բանաստեղծությունները նույնպես այնտեղ ներառվեն: Արդյունքում անթոլոգիայում հրատարակվեցին այնպիսի գործեր, որոնք ինձ համար ուղենիշային են եւ կարեւոր` գեղագիտական, բանաստեղծական ձեւերի, ասելիքի առումով»,- ասաց Անտաշյանը:

Նա հավաստիացնում է, որ եթե անթոլոգիան թարգմանվի, շատ մեծ ազդեցություն կունենա, քանի որ այդ կերպ կարող է ներկայանալ գրական փառատոների եւ տոնավաճառների: Անտաշյանը կարծում է, որ անթոլոգիան նաեւ թարգմանիչների համար կարող է ցուցում լինել, թե ում կարելի է թարգմանել:

Անթոլոգիայում ընդգրկված են բանաստեղծ Հասմիկ Սիմոնյանի` վաղ շրջանի գործերից եւ, ինչպես նշեց Սիմոնյանը, կարծես, իր ստեղծագործական աճն է ցույց տրվում: Նա խոստովանեց, որ թեեւ կուզենար, որ այնտեղ միայն իր նոր գործերը լինեին, սակայն անթոլոգիայում բոլոր գրողների ստեղծագործական կյանքի ընթացքն է ներկայացված:

«Սովորաբար ասում են, թե անթոլոգիաները հանրային գերեզմանոցի են նման, որտեղ որակ եւ հեղինակների ընտրելու չափանիշ չկա, սակայն այս դեպքում ես գնահատում եմ Արքմենիկ Նիկողոսյանի եւ Համազգայինի դերը, քանի որ մենք ունենք հրաշալի անթոլոգիա, որտեղ, կարծես, ոչ ոք չի մոռացվել»,- ասաց Սիմոնյանը:

Կ. Հ.

yerkir.am 2013թ.

No comments:

Post a Comment