Ռասուլ Յունան

(ծնվ. 1969թ. Իրան)

ՎԵՐՋԻՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՒՄ

Գիտեի
Այլևս այնտեղ չէի վերադառնալու
Վերջին լուսանկարներում ժպտացի
Դաշտը
Հանձնեցի աղբյուրներին
Ծովը 
Հանձնեցի ամպերին
Իսկ նրան
Լուսնին և թթենուն
Որպեսզի մշտապես սիրուն ու քաղցր մնա
Հետո երազանքներս
Վերցրի ու եկա
Ինչպես նաև
Փոքրիկ աղվեսիս
Հենց այս աղվեսին
Որի պոչը դուրս է ցցվել 
Բանաստեղծությանս միջից

ՃԱՆԱՊԱՐՀ  ՏՈՒՆ  ՎԵՐԴԱՌՆԱԼՈՒ  ՀԱՄԱՐ
Երանի հացի նման լինեի
Ինչ գեղեցիկ է վերադառնում
Կրակի ճամփորդությունից

ԼՌՈՒԹՅՈՒՆ

Շուկան և մարդկանց դիտումը
Այս լուսամուտի ետևից
Միայն քեզ հետ էր լավ
Միայն քեզ հետ էր լավ
Ունկնդրելը
Շրջիկ երաժիշտների երգը
Քեզանից հետո
Մենությունը մարմնավորվեց իմ մեջ
Մի ծխախոտ
Շուրթերիս անկյունը դրեց և
Ինձ ծխեց
Գարնան թաց երեկոներին...

ԶԲՈՍԱՅԳԻ

Ոչինչ չգիտեմ այս մետաղյա արձանի մասին

Զբոսայգու շախմատիստների ծիծաղի պատճառն էլ
Ամեն ինչ կարող է լինել

Զեփյուռը սահում է ըստ սովորության
Եվ ճառագելը
Մասնագիտությունն է արևի
Սակայն ծաղիկները
Ծլարձակեցին քո բույրի շարունակությամբ

ՏՆԵՐ ՔԱՄՈՒ ՄԵՋ

Թե քո տան լուսամուտն էր բաց
Թե իմ տան լուսամուտը
Սակայն ինչ օգուտ
Չկարողացանք իրար տեսնել
Դեմ առ դեմ
Մնացինք մենակ
Ինչպես երկու ծառ դեղնության ու քամու մեջ
Մենք ներսից
Մեր լուսամուտները
Փակել էինք միմյանց դեմ

 ԳԺԵՐԸ

Կյանքը մի քիչ գժություն էր պահանջում
Բայց մենք շատ գժվեցինք
Բոլոր կաՖեներից մեզ դուրս վռնդեցին
Շատ գժվեցինք
Ամեն ինչ մոռացանք
Ծիծաղից բացի
Ամեն ինչի վրա ծիծաղեցինք
Ծիծաղը մեր մասնագիտությունը դարձավ

եթե գիժ լինես
Դու էլ չծիծաղես
Վերքերդ կծիծաղեն

Իսկ հետո
Մեր առագաստները մենք բարձրացրինք
Հողե մի ծովում
Որ հեռանանք այստեղից
Բայց չկարողացանք
Փոթորիկ ելավ
Ու մեր նավերը խորտակվեցին հողի մեջ...

ԱՐԵՎԱՅԻՆ ԱԿՆՈՑ

Համարձակություն պետք չէ
Մի քիչ իմացություն է հարկավոր
Այնքան էլ դժվար չէ
Ակնոց վերցնելը
Մեռած մարդու աչքերից

ԳԼԽԱՐԿ...

Քո չլինելը
Միայն քո չլինելը չէ
Շատ բաների չլինելն է
գլխարկը չի մնում մեր գլխին
Բանաստեղծությունը հաճույք չի պատճառում
Փողը չի դիմանում մեր գրպաններում
Հացը անալի է դարձել
Ջուրը կորցրել է պաղությունը
Մենք առանց քեզ աղքատացանք

ՎԵՐԱԴԱՐՁ 

Երբ աքսորվես
Շարունակ մտածիր վերադարձի մասին
Եթե անգամ նման բան գոյություն չունենա
Եթե անգամ
Վերադարձի համար
Այլևս որևէ գյուղ գոյություն չունենա

Եթե մտածես վերադարձի մասին
Ամպերը
Կհեռանան աչքերիդ հայելու առաջից
Եվ հույսը
Արևի նման
Կչորացնի շորերդ
Փշալարերի վրա

ՀՐԴԵՀ

Աշունը
Հրդեհեց  այգիներն ու փողոցները
Սակայն ոչինչ չմոխրացավ:

ՈւՂԵՎՈՐԸ ՈՐ  ՉՊԻՏԻ ԳԱՐ

Ոչ ոք
Չէր եկել նրան դիմավորելու
Հանեց գրպանի հայելին և
Ինքն իրեն ժպտաց հայելու մեջ
Հետո արտասվեց

ՀԱՑ ԵՎ ԼՈւՅՍ ԵՎ ԱԶԱՏՈւԹՅՈւՆ

Հացը
Մեկնաբանում ես ձեռքերովդ
Ազատությունը
Քամու մեջ արձակված քո մազերով
Երբ անցնում ես գիշերվա փողոցներով
Դռների ճեղքերից
Լույսը թափանցում է տների մեջ
Այնտեղ, ուր դու ես
Իմ երկիրն այնտեղ է

ՄԵՆՈՒԹՅՈՒՆ

Աղբյուրները երաժշտություն են նվագում
Թռչունները դայլայլում են
Արևը ճառագում ու
Նապաստակները
Ցատկոտում են
Եվ սակայն տխուր եմ ես...

Ցավում եմ ով սիրուն գարուն
Չեմ կարող քեզ սիրել
Նա գնաց այստեղից  

ԾՈՎԱՓ

Երբ հասա այնտեղ
Դու նոր էիր հեռացել
Աթոռդ դեռ օրորվում էր
Նստեցի քո աթոռին
Աթոռդ կրկին օրորվեց
Օրորվեց
Օրորվեց
Օրորվեց
Ինչպես մի օրորոց

Ես սուզվեցի խոր քնի մեջ
Որ լիքն էր ձկներով նավերով ու աստղերով...

ԱՇՆԱՆ ԵՐԵԿՈ

Որքան 
Թախծոտ է
Այս երեկոն
Ասես
Բոլոր գնացքներով և ավտոբուսներով
Դու հեռանում ես

Պարսկերենից թարգմանեց ԷԴՈւԱՐԴ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ



No comments:

Post a Comment