Սերգեյ Կոզլով. Ոզնուկը մշուշում (մաս 5-րդ)


Եթե ես բոլորովին չկամ

Էլի մի քիչ, ու կվառվեն աստղերը, ու դուրս կլողա կիսալուսինը ու օրորվելով լող կտա աշնանային լուռ դաշտերի վրայով: Հետո կիսալուսինը կայցելի անտառ, մի քիչ կանգ կառնի՝ բռնվելով ամենաբարձր եղևնու գագաթից, և այդ ժամանակ նրան կտեսնեն Ոզնին ու Արջուկը:
-    Նայիր,- կասի Ոզնուկը:
-    Ըհը,- կասի Արջուկը: Իսկ կիսալուսինը կբարձրանա էլ ավելի վեր ու կողողի իր պաղ, աղոտ լույսով ողջ երկրագունդը:
     Այդպես լինում էր ամեն երեկո՝ այդ պարզկա ու պաղ աշնանը: Եվ ամեն երեկո Ոզնուկն ու Արջուկը հավաքվում էն մեկ Ոզնուկի մոտ, մեկ՝ Արջուկի, ու խոսում էին ինչ-որ բանի մասին:

     Ահա այսօր էլ Ոզնուկն ասաց Արջուկին.
-    Ամեն դեպքում ինչ լավ է, որ մենք մեկս մյուսին ունենք:
     Արջուկը գլխով արեց:
-    Դու միայն պատկերացրու. ես չկամ, դու նստած ես մենակ, ու մեկը չկա, որ հետը խոսես:
-     Իսկ դու որտե՞ղ ես:
-     Իսկ ես չկամ:
-     Էդպես չի լինում,- ասաց Արջուկը:
-     Ես էլ եմ էդպես մտածում
,- ասաց Ոզնուկը,- Բայց մեկ էլ հոպ՝ ես ընդհանրապես չկամ: Դու մենակ ես: Դե՛, ի՞նչ կանես:
-     
Կգամ քո մոտ:
-     Ո՞ւր:
-     Ո՞նց՝ ուր: Տուն: Կգամ ու կասեմ. «Էդ ինչու՞ չեկար, Ոզնուկ»: Իսկ դու կասես…
-     Այ հիմարիկ: Ես ի՞նչ կասեմ, եթե ես չկա՜մ:
-     Եթե տանը չես, ուրեմն եկել ես իմ մոտ: Կվազեմ տուն: Ահա՜, դու էստեղ ես: Ու կսկսեմ…
-     Ի՞նչ:
-
     Քո վրա բարկանալ:
-     Ինչի՞ համար:
-     Ո՞նց՝ ինչի համար: Որ դու չես արել էնպես, ինչպես պայմանավորվել էինք:
-     Իսկ ինչպե՞ս էինք պայմանավորվել:
-     Ես ի՞նչ գիտեմ: Բայց դու պետք է կամ իմ, կամ քո տանը լինեիր:
-     Բայց ես ընդհանրապես չկամ: Հասկանում ե՞ս:
-     Բայց հրես, նստած ես, ախր:
-     Դա ես հիմա եմ նստած, բայց եթե ես ընդհանրապես չլինեմ, որտե՞ղ կլինեմ:
-     Կամ քո տանը, կամ իմ:
-     Դա՝ եթե ես կամ:
-     Դե հա,- ասաց Արջուկը:
 
-     Իսկ եթե ես ընդհանրապես չկա՞մ:
-     Ուրեմն դու նստած ես գետի ափին ու նայում ես լուսնին:
-     Գետի ափին էլ չկամ:
-     Ուրեմն դու գնացել ես ինչ-որ տեղ ու դեռ չես վերադարձել: Ես կվազեմ, կփնտրեմ ողջ անտառում ու կգտնե՛մ քեզ:
-     Դու ամեն տեղ փնտրել ես,- ասաց Ոզնուկը,- Ու ոչ մի տեղ չես գտել:
-     Կվազեմ կողքի՛ անտառ:
-     Էնտեղ էլ չկամ:
-     Ամեն բան տակնուվրա կանեմ, ու դու կգտնվե՛ս:
 
-     Չկամ ես, ոչ մի տեղ չկամ:
-     Էդ դեպքում, էդ դեպքում… Էդ դեպքում ես կվազեմ դաշտ,- ասաց Արջուկը,- Եվ կգոռամ՝ Ոոոոոզզզզզնու՜կ: Ու դու կլսես ու կգոռաս՝ Աաաաարջու՜կ: Ահա՛:
-    Չէ,- ասաց Ոզնուկը,- ես ոչ մի կաթիլ չկամ: Հասկանո՞ւմ ես:
-    Ինչ ես դու էլ կպել պոկ չես գալիս, - զայրացավ Արջուկը,- Եթե դու չկաս, ուրեմն ես է՛լ չկամ: Հասկացա՞ր:
-     Չէ, դու կաս, իսկ այ ես՝ չկամ:
Արջուկը լռեց ու խոժոռվեց:
-     Հը՜, Արջու՜կ…
Արջուկը չպատասպանեց: Նա նայում էր, թե ինչպես է կիսալուսինը՝ բարձրանալով էլ ավելի վեր անտառի վրա, ողողում իրեն ու Ոզնուկին իր պաղ լուսավորությամբ:




ռուսերենից թարգմանեց ՎԱՀԱԳՆ ԹԵՎՈՍՅԱՆԸ

No comments:

Post a Comment