Մոհամմադռեզա Աբդոլմալեքյան

(ծնվ. 1952թ. Իրան)


ՀԻՄԱ ԵՐԲ ԳՆԱՑԵԼ ԵՍ
Բանաստեղծ Ղեյսար Ամինփուրի հիշատակին

1.
Հիմա երբ գնացել ես
Անունդ կգրեն քարին
Եվ այսքան պարզ
սկսվում է ձմեռը

2.
Հիմա երբ գնացել ես
Չեմ գնում բառերի ետևից
Հոգնած ու անտրամադիր են
Չեն երգում
Չեն դառնում բանաստեղծություն

3.
Հիմա երբ գնացել ես
Թռչունը որ եկել է
Հենց այս այգու շրջակայքում
Ոչինչ չի ասում
Միայն ասում է
Քո՞ւ քո՞ւ*

*Ու՞ր է,  ու՞ր է

4.
Հիմա երբ գնացել ես
Նստում եմ կողքին
Չի լալիս
Բռնում եմ ձեռքը
Չի լալիս
Ոտքերն եմ ընկնում
Չի լալիս
Չլինի թե բան է պատահել
Որ բանաստեղծությունը
Չի լալիս

5.
Հիմա երբ գնացել ես
Քեզ վերընթերցում եմ
Նույն մոխրագույն պիջակով
Մոխրագույն մազերով
Եվ մոխիրները այն ծիծաղի
Որի ետևից  քամին է եկել

6.
Հիմա երբ գնացել ես
Նորից զանգահարում եմ
Համարը նույն համարն է
Վերցնում են լսափողը
Լսափողը ցած եմ դնում

8.
Հիմա երբ գնացել ես
Ոչ քամին է գալիս և
Ոչ էլ ինչ-որ տերև ձեռք է թափահարում
Ասես
Ժամանակը կանգ է առել ինձ համար
Եվ առանց բանալի
Մնացել եմ բոլոր դռների ետևում

9.
Հիմա երբ գնացել ես
Ենթադրում եմ որ չի վերադառնա
Հենց այն կապույտ հագած ամպը
Որ գալիս էր սարի բարձունքին
Քեզ տեսնելու համար

10.
Հիմա երբ գնացել ես
Հավատա
Տարիներ
Քեզ չհամբուրեցինք
Որ ողջ մնաս
Ափսոս
Քեզ չհամբուրեցինք

11.
Հիմա երբ գնացել ես
Զարմանում եմ
Ինչո՞ւ կոշիկներդ չես հագել

12.
Հիմա երբ գնացել ես
Ոչ աստղերին եմ սիրում
Ոչ էլ արևին
Ինչպես են առանց քեզ մեռնում և
Հարություն առնում

13.
Հիմա երբ գնացել ես
Սիրտը պատճառաբանում և
Սերը լալիս է
Այդուհանդերձ
Չի լցվում դատարկ տեղը
Ոչ երևակայությամբ
Ոչ էլ հիշողությամբ

14.
Հիմա երբ գնացել ես
Հենց այս կայարանում մնում եմ կանգնած
Որ քո բույրն է տալիս
Մնում եմ և ձեռք եմ թափահարում
Այն ուղևորների համար
Որ կորցրել են քեզ

15.
Հիմա երբ գնացել ես
Զարմանում եմ
Բոլոր բառերը մատիտ են վերցնում
Բոլոր բառերը բանաստեղծ են դարձել

16.
Հիմա երբ գնացել ես
Ստից բանաստեղծություն եմ կարդում
Ստից շոր եմ հագնում
Ստից փողոց եմ գնում
Ստից տուն եմ վերադառնում

17.
Հիմա երբ գնացել ես
Տխուր եմ այս օրերին
Տխուր եմ որ գնացել են
Այն օրերը

Պարսկերենից թարգմանեց
 ԷԴՈՒԱՐԴ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ



No comments:

Post a Comment