Թոմաս Սթըրնս Էլիոթ | T. S. Eliot

(1888-1965թթ. Անգլիա)

Ջ. ԱԼՖՐԵԴ ՓՐՈՒՖՐՈՔԻ ՍԻՐՈ ԵՐԳԸ

Գնանք, ուրեմն, միասին քայլենք,
Մինչ երեկոն սփռվել է երկնքով մեկ,
Ինչպես հիվանդ` եթերացված վիրահատության սեղանին,
Գնանք փողոցներով կիսադատարկ,
Մեղմիկ առանձնավայրերը վայելենք,
Անհանգիստ գիշերներն էժանագին հյուրանոցների
Եվ թեփոտ ռեստորանները` ոստրեի խեցիներով լի.
Փողոցներ, որոնք հետապնդում են, որպես մի նենգ
Դիտավորության տաղտկալի փաստարկ,
Առաջնորդելու դեպի հարցն սպանիչ...
Մի՛ հարցրու. «Ի՞նչ պատահեց քեզ».
Գնանք և զբոսնենք մի քիչ:

Սենյակում կանայք են քայլում միասին
Եվ զրուցում Միքելանջելոյի մասին:

Դեղին մշուշը, որ մեջքն է շփում լուսամուտների ապակուն,
Դեղին ծուխը, որ մռութն է շփում լուսամուտների ապակուն,
Լիզեց երեկոյի բոլոր անկյունները,
Կանգնեց մի պահ ջրատար առվի վրա թաքուն,
Թողնելով, որ մեջքին թափվի ծխնելույզների մուրը սև,
Անցավ պատշգամբի մոտով, բայց չմտավ տուն,
Այլ տեսնելով, որ հոկտեմբերյան գիշեր է թեթև,
Փաթաթվեց տանը և մտավ քուն:

Անտարակույս, դեռ ժամանակ կլինի
Փողոցով սահող դեղին ծխի համար,
Որ լուսամուտների ապակուն է մեջքը շփում,
Դեռ ժամանակ կլինի, դեռ ժամանակ կլինի
Պատրաստի դեմքով դիմավորելու դեմքերն անհամար,
Սպանելու և բժշկելու ժամանակ
Թոմասն ու Վալերին
Եվ այս տքնաջան ձեռքերի, որոնք ափսեի մեջ
Բարձրացնում ու գցում են միևնույն հարցը,
Իմ ժամանակը և քո ժամանակը,
Երբ կլինեն հարյուրավոր տատանումներ,
Հարյուրավոր կասկածներ ու մտորումներ`
Նախքան թեյն ու բոված հացը:

Սենյակում կանայք են քայլում միասին
Եվ զրուցում Միքելանջելոյի մասին:

Դեռ ժամանակ կլինի, և ես կհարցնեմ.
«Ինձ պե՞տք է արդյոք... կհամարձակվե՞մ...».
Շրջվել ու իջնել աստիճաններով դեռ կհասցնեմ,
Գլխիս գոյացած փոքրիկ ճաղատ
(Մարդիկ կասեն. «Նրա մազերը թափվում են հատ-հատ»).
Առավոտյան վերարկուս, օձիքս մինչև կզակս քաշած,
Փողկապս` շքեղ, բայց հասարակ գնդասեղով ամրացված -
(Մարդիկ կասեն. «Ոտքերը բարա՛կ են, ձեռքերը` դողդո՛ջ»)
Ես կանհանգստացնե՞մ
Տիեզերքն ամբողջ:
Րոպեի մեջ այնքան մտորում ու կասկած,
Րոպեն կարող է ամեն ինչ շուռ տալ ու փոխել հանկարծ:

Որովհետև ճանաչել եմ արդեն դրանք,
Ճանաչել եմ առավոտներ, երեկոներ, կեսօրներ ունայն,
Իմ կյանքը սուրճի գդալներով եմ չափել միայն,
Ծանոթ է ինձ ամեն մեռնող ձայն`
Հեռավոր սենյակից լսվող երաժշտության տակ:
Ես ինձ թույլ կտա՞մ:

Որովհետև ճանաչել եմ աչքերը սրա ու նրա,
Աչքեր, որոնք խոցում են քեզ ֆրազով բանաձևված,
իսկ ես ինքս եմ բանաձևված,
Գնդասեղով պատին ամրացված,
Ինչպե՞ս այդժամ չվարանեմ
Թքելու մնացուկներն իմ դառն ու սառը օրերի,
Ինչպե՞ս սիրտ անեմ:

Որովհետև ճանաչել եմ և ձեռքերը մեկ առ մեկ,

Ձեռքեր ապարանջազարդ, սպիտակ ու մերկ,
(Լամպի լույսի տակ` շիկակարմիր մազերով ծածկված).
Գուցե զգեստի բոււրմունքից եմ ես
Ընկրկում այսպես:
Ձեռքեր` սեղանին կամ շալի տակ...
ինչի՞ց սկսեմ ու ինչպե՞ս:
Թույլ կտա՞ս ինձ այդ ժամանակ:

ՀՈՂՄԱՇՈՒՆՉ  ԳԻՇԵՐՎԱ  ՌԱՊՍՈԴԻԱ


Էլիոթն իր երկրորդ կնոջ` Վալերիի հետ
Ժամը տասներկուսը:
Այս փողոցի երկայնքով,
Սինթեզի մեջ լուսնային
Շշնջալով լուսնային դյութանք`
Հիշողության հատակներն են քայքայվում,
Եվ նրա ամեն հարաբերություն,
ամեն բաժանում ու հստակություն:
Փողոցի ամեն լապտեր
Զարկում է, ինպես ճակատագրի թմբուկ,
Իսկ խավարի տարածության մեջ
Կեսգիշերը հիշողությունն է ցնցում,
Ինչպես խելագարը` մեռած խորդենին:

Մեկն անց կես:
Լապտերը փնչաց,
Լապտերը շչաց,
Լապտերը խոսեց. «Նայիր այն կնոջը,
Որը դեպի քեզ է երերում լույսի մեջ դռան,
Որ բացվում է, ինչպես քմծիծաղ:
Եվ երիզը նրա զգեստի
Փոշոտ է ու պատռված,
Եվ անկյունը նրա աչքի
Շրջվում է, ինչպես մի ծուռ գնդասեղ»:

Հիշողությունը նետում է ահա
Շրջված իրերի մի բազմություն,
Շրջված մի ճյուղ` ծովափին,
Ողորկ ու փայլուն,
Կարծես աշխարհը լքել է
Խորհուրդն իր կմախքի,
Ցցուն ու ճերմակ:
Ջարդված մի գարուն` գործարանի բակում,
Ժանգ, որ կպչում է ուժից մնացած ձևին,
Կարծր, ոլորուն, ճաքելու պատրաստ:

Երկուսն անց կես:
Լապտերն ասաց. «Նայիր կատվին,
Որ ջրատար առվում տեղավորվեց նոր:
Նա դուրս է ցցում իր լեզուն
Ու լափում կծվահամ կարագի կտոր»:
Այսպես երեխայի ձեռքն ակամա
Գրպանեց ծովապատնեշով վազող խաղալիքը:
Ես ոչինչ չտեսա նրա աչքերի ետևում:
Ես տեսել եմ աչքերի փողոցում`
Լուսավորված փեղկերից հառված,
Եվ մի կույր խեցգետին` ավազանում,
Մի ծեր խեցգետին` մեջքին խեցիներ,
Անժյն ամուր բռնել էր իմ ձեռնափայտից:

Երեքն անց կես:
Լապտերը շչաց,
Լապտերը փնչաց խավարի մեջ
Ու մռլտաց.
«Նայիր լուսնին,
La lune ne garde aucune rancune*
Նա աչքով է անում,
ժպտում անկյուններում:
Թ.Ս. Էլիոթ, Վիրջինիա Վուլֆ, Էլիոթի կինը
Մաքուր ծաղկախտից ճաքել է դեմքը:
Նա ձեռքը շրջում է մի թղթե վարդ,
Որը փոշու և անուշաբույր ջրի հոտ ունի:
Լուսինը մենակ է
Կեսգիշերային հոտերի հետ,
Որոնք նրա ուղեղն են անվերջ շամփրում»:

Վերհուշն է գալիս
Անարև ու չոր խորդենիների:
Ծերպերում` փոշի,
Փողոցներում` շագանակի հոտ,
Կանացի հոտեր` փակ սենյակներում,
Միջանցքներում` ծխախոտի,
Եվ կոկտեյլների` գինետներում:

Լապտերն ասաց.
«Ժամը չորսն է,
Ահա դռան համարը:
Հիշողություն,
Բանալին քո գրպանում է,
Փոքրիկ լապտերն օղակ է սփռել աստիճաններին:
Բարձրացիր:
Անկողինը բաց է, ատամի խոզանակը կախված է պատից:
Կոշիկները թող դռան մոտ, քնիր, պատրաստվիր ապրելու կյանքի ժամանակը»:

Եվ վերջին անգամ շրջվեց դանակը:

*
Լուսինը չի տածում ոչ մի չար զգացում

*
Ոչ, ես իշխան Համլետը չեմ, և ոչ էլ կարող եմ լինել,
Այլ սպասավոր եմ, որին չարժե ապավինել,
Տեսարան բացող այն խոնարհ ծառան,
Խորհրդատու արքայորդուն, գործիք-դրանիկ,
Հարգաբարո, հլու-երջանիկ,
Խորամանկ, զգուշավոր ու պատվական,
Լեզուս` հղկված, բայց մի քիչ բութ, մի քիչ անվարժ,
Մերթ համարյա ծիծաղաշարժ,
Մերթ համարյա խեղկատակը պալատական:

Ծերանում եմ... ծերանում եմ...
Ու շալվարիս փողքերն ահա ծալում եմ:

Ե՞տ սանրեմ մազերս: Արդյոք դե՞ղձ ուտեմ:
Կհագնեմ ֆլանելե տաբատ ու ծովափով կքայլեմ:
Ես լսել եմ ծովահարսների երգը, իրար դեմ առ դեմ:


Չեմ կարծում, թե նրանք կերգեն ինձ համար:
Տեսել եմ նրանց ալիքների վրա դեպի ծովը հեռանալիս,
Երբ հանդիպակաց ալիքների վարսերն էին սանրում,
Իսկ քամին սպիտակ ու սև ալիք էր հանում:

Մենք շատ հապաղեցինք ծովի սենյակներում
Ջրիմուռներով զարդարված ծովահարսների հետ,
Մինչև մարդկային ձայնից արթնանանք ու խեղդվենք հավետ:

ՄՈԽՐՈՑ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ

1
Որովհետև ես հույս չունեմ կրկին վերադառնալ
Որովհետև ես հույս չունեմ
Որովհետև ես հույս չունեմ դառնալ
Երանի տալով մեկի հմտությանն ու մյուսի խելքին
Չեմ ձգտում ձգտելու դեպի այս ձևերը
(Ինչո՞ւ ծեր արծիվը տարածի թևերը)
Եվ ինչո՞ւ ողբալ
Հասարակ իշխանության ուժը կորուսյալ

Որովհետև ես հույս չունեմ ճանաչել կրկին
Հաջողակ ժամի փառքը անհաստատ
Որովհետև գիտեմ որ չեմ ճանաչի
Միակ զորությունը անցողիկ և հաստատ
Որովհետև ես չեմ կարծում
Թե կխմեմ այնտեղ, որտեղ ծառեր են ծաղկում,
աղբյուրներ հոսում, քանզի չկա ոչինչ

Որովհետև գիտեմ որ ժամանակը ժամանակ է միշտ
Իսկ վայրը` միշտ և միմիայն վայր
Եվ այն ինչ ընթացիկ է, ընթացիկ է մի ժամանակի և ճիշտ
Մեկ վայրի համար
Հրճվում եմ որ իրերն այնպիսին են, ինչպիսին կան
Եվ ուրանում եմ օրհնված դեմքը
Եվ ձայնն եմ ուրանում
Որովհետև ես հույս չունեմ վերադառնալ կրկին
Ուստի հրճվում եմ, կառուցելով միշտ ինչ-որ բան
Եվ հրճվում վրան
Եվ աղոթում Աստծուն որ գթա մեզ
Հարցերը որոնք բազմիցս քննարկում եմ ես

Եվ բացատրում, ինքս ինձ հետ
Որովհետև ես հույս չունեմ կրկին դառնալ ետ
Թող այս բառերը տան պատասխանը
Եղածի համար, որ չկրկնվի եղածն այսուհետ
Թող թեթև լինի ահեղ դատաստանը
Որովհետև ճախրելու թևեր չեն այս թևերը տոչոր
Այլ հովհարներ որոնք գիտեն ծեծել օդն ու տոկալ
Օդը որ հիմա ամբողջովին փոքր է ու չոր
Ավելի փոքր ու չոր քան կամքը նանիր
Ուսուցանիր մեզ հոգալ և չհոգալ
Մեզ հանգիստ նստել ուսուցանիր:

Մեղապարտներիս համար աղոթիր հիմա և մեր մահվան ժամին
Աղոթիր հիմա և մեր մահվան ժամին:

Անգլերենից թարգմանեց ՍԱՄՎԵԼ ՄԿՐՏՉՅԱՆԸ


No comments:

Post a Comment