Անի Հարությունյան


(ծնվ. 1989թ.)


Ալոգիզմ. սաղմնային բանաստեղծություն

Երբերմն շրթներկը օգնում է տաքանալ այս ցրտից,
ու ախորժակդ փակվում է, մի տեսակ կշտանում ես,
սիրում ես քո իսկ շուրթերի համը մայրական կաթի պես.

Ես դեռ երևանյան դանդաղությունը սրտիս տակ զգում եմ,
Փողի, շաքարի ու աղի պակասը ներարկում եմ արյանս մեջ, որ չհիշեմ ընկերներիս.
Ես բաժանվել եմ ինձնից ու մասնատված հոգիս փնտրում եմ մետրոյի վագոններում…
սենյակի փայտի աթոռները, չոր հացը ու կանաչ թեյը ինձ հետ են միշտ.
Ես հավատում եմ, որ մի օր կհանդիպեմ Դովլաթովի պես
հարբեցող Իմ պոետին
ու մենք էլ չենք գրի, չեն կարդա, չենք նկարի, կինո չենք գնա, չեն ամուսնանա ու չենք էլ բաժանվի.

Իսկ ես ծնվել եմ մորս արձակից ու հորս պոեզիայից.
Հիվանդանոցում բոլորը գալիս էին նայելու երկար մազերով երեխային,
Ես երգում էի՝ Արաբո, Արաբո, քաջ հայդուկապետ,

Ու մեծանում էի Բաղրամյանի` չեմ հիշում որ նրբանցքում. մութ քաղաքում մութ խաղեր էի խաղում ու շատ մութ-մութ սիրահարվում…
Հետո իմ սերը վաճառեցի կուլիսներից ներկայացում նայելու համար,
Տողերս ինձնից առաջ ընկան, ես էլ ընկա հանրակացարան:

Խաղիկ. Իմիգրանտ ախպոր համար

փաստորեն սա է լռությունը, որ փաթաթվում է վզիդ ու դանդաղ սեղմում.
քո երազած մանկությունը, որ թղթից ինքնաթիռ էր ընդամենը…
սա էր կիլոմետրեր հաշվելու շիզոֆրենյան, որ հազարավոր մտքերի բազմապատիկն էր.
Ասում են`՝ ես ապրում եմ դժոխքում. Իսկ Դովլաթովը կասեր՝ Ան, դու ապրում ես հինգաստղանի դժոխքում…
Իմիգրանտ ախպեր, կոնյակապաշտությունդ ժամանակավոր երևույթ է, հիմա սպիրտն էլ է հարգի.
մի մեղք էլ դու գործի, որ պաշտոնապես դառնաս Միացյալ Դժոխքի Թագավորության քաղաքացի.
Իսկ այստեղ պոեզիան ցրտից մեռավ. Չդիմացավ խեղճը...
Տանջվեց խոնավ հանրակացարանում ու մեռավ.
Հիմա հերթը քոնն է,ախպերս՝ մի քիչ իմիգրանտ, մի քիչ էլ կոնյակապաշտ:

Մոսկվա, համարյա ձմեռ

Պետերբուրգում լռում են ձայները

Ձայն, լռի՛ր.
Ես դեռ դուքով եմ այս քաղաքի հետ…
Այստեղ արև չկա
Ու երկար են գիշերները.
Մտովի անցնում եմ Նևան ու
Հասնում Լուսին,
Գետը մաքրում է քաղաքի մեղքերը,
Ամբողջ գիշեր սիրով էին զբաղվում քամիները,
Ու առավոտյան Մախովայա փողոցը դատարկ է
Ոչինչ չկա, սկիզբ չկա.
Բրոդսկու տան դիմաց ես լսում եմ տողը քո
Ու գրում եմ նամակներ ապագա սերերիս.
Որոնք դեռ քեզ չգիտեն, չեն լսել…
Ես լսում եմ տողը քո, որ այս քաղաքում հաց է մուրում,
Ես լսում եմ քո տնքոցը,
Իմ պատուհանից կիսաբաց, որ նայում է քո ննջարանին:
Դու ես քաղաքի տերը ու բոլոր կանայք քոնն են
Ու միշտ կլինի այդպես.
Ես մի շաբաթով ուզում եմ քոնը լինել.
Տիրիր իմ մենակությանը, հիշողությանը…
Իսկ իմ տատը գնում էր Սիբիր,
Քսանհինգ օր քամի ու ձմեռ…
Մենք երեքով ենք` ես, դու, ցուրտը…
քամիները կենակցում են քեզ հետ.
Ու բացել են ոտքերը կամուրջները…
Ես գալիս եմ քո տուն, քո գիրկը`
Ու նստած ճամպրուկին սպասում եմ քեզ…
Ջուրը շատ է այնքան, որ օդի պես է,
Ես շնչում եմ երկուսն էլ.
Իմ մեջ ապրում են անծանոթ փողոցներ
Ու իմ սիրած կիսածեր մարդիկ.
Իսկ իմ տատը գնում էր Սիբիր,
Քսանհինգ օր քամի ու ձմեռ…

հ.գ. ...պատմում եմ այն, ինչ կարող էր լինել ամեն մեկի հետ...

հետվալենտինյան սինդրոմ

1.
Իմ սիրած ու չսիրած կապտուկներ, դուք իմ լավագույն զգեստն եք,
ինձ միշտ սազել եք, դեռ մանկուց…
ծնկներիցս կախված, պարանոցիս միակ զարդը.
Իմ միակ, իմ միայնակ կապտուկներ,
Ձեզ թաքցնում եմ ինքս ինձնից. ձեզ սիրում եմ թաքուն,
Հիշում եմ հերթով…
Մարմինս փոքր է ձեզ բոլորին որդեգրելու համար.
Երկնքում լուսինն էլ է կապտուկ` անսահման մեծ.
Դու գրկել ես Հայաստանի դրոշը, ես էլ երկինքն եմ ուզում գրկել.
Խնդրում եմ, իմ կապտուկները չբաժանես նրանց,
ով խճճվել է քո դրոշի մեջ միայն մի անգամ.
Ու մեկ-մեկ էլ քիթն է մաքրել.
Ես ապրել եմ քո եռագույնի մեջ, եռագույնից դուրս…
ու եթե դու շիկահեր երազի մեջ ես հիմա, նույնիսկ եթե քո առավոտն է շիկահեր,
Եթե լուսաբացն է շիկահեր.
Ես եմ քո միակ կապտուկը` ծանր, ծանր, հնացած կապտուկ.
Ես ինքս ինձ համար անհասկանալի կապտուկ եմ, որ չի ցավում, բայց խանգարում է.
Ու չի թողնում փոխել զգեստս` իմ սիրած ու չսիրած…
Ծանր, շատ ծանր:

2.
Մեծ ու փոքր գիշերները անցնում են դռան տակ`
փայտե,երկաթյա ու թղթե…
Ուզում եմ վարակել ինձ ու քեզ միաժամանակ.
Ուզում եմ քեզնից վարակվել աշխարհի բոլոր անբուժելի հիվանդությունները
արագ ու միանգամից` առանց ավելորդ ռոմանտիզմի.
Դանդաղ եմ մտածում ու քայլում եմ ծխի վրայով.
միայն դու կարող ես ինձ վարակել. ուրիշ ոչ ոք…
Կաթի սերը ատող իմ սերը սովորել է սլաքների հետ խաղալ.
Մատներով փաթաթել ինձ խոտի մեջ ու ծխել մինչև վերջ.
գլխի վրա քայլող մարդիկ ծիծաղելի են…զսպիր քեզ կամ ինձ…
Ես խոսում եմ միայն լուսնի հետ` տաք ու ամաչկոտ.
Սիրիր ինձ լուսնի մեջ` սև ու սպիտակ կինոյի պես.
շունչը պահած կրակում եմ երկինք ու նորից դու` ծխի մեջ,
վառվող խոտի հոտը նորից միացնում է մեզ…զսպիր ինձ, խնդրում եմ:

No comments:

Post a Comment