*
ես վախենում եմ մտածել քո մասին
անտաք սենյակի աթոռներից մեկը գրկած
վերջերս դու շարունակ ինչ-որ մեկի հին շորերն ես հագնում
ներիր, ես փնթի եմ մի քիչ
ու չեմ հասցնում հետևել երկուսիս

փոքր ժամանակ ինձ չեն բարուրել մեծամտությամբ
հիմա էլ առանձնապես դա ինձ չի տաքացնում

այս երկու օրը անձրև եկավ
անցյալ տարվա ամառվանից մնացած մենակությունը հիշեցի
ընկերոջս, չէ, սիրածս մարդու ինձ չսիրելը հիշեցի
մեր տան մեծ կապույտ դույլը հիշեցի
ու մանկությունս հիշեցի, որը, ճիշտն ասած, չէի էլ մոռացել

հին ու նոր մարդիկ քայլեցին այտերիս գծված արցունքահետքով,
նայեցին քեզ, տեսան ու չտեսան
հաղորդագրության փոխարեն բանալու զնգոց ուղարկեցի
կախեցի լսափողն ու լաց եղա

անքուն օրերս հիշեցի…
բջջայինիս բացվող-փակվող սևությունը,
որ այլևս իմ ձեռքերում չի կրկնվում

և օրերը, որ գտնում եմ հիմա,
ավելի սև ու սպիտակ են, քան Չապլինի ֆիլմերը
նրանք տեղ չունեն իմ լքված օրագրում
ես հիմա սովորաբար այրում եմ դրանք ավելի լքված մոմերի կողքին
մի լքիր ինձ
ես հոգնել եմ անվերջ թալանվելուց

քո ինչին են պետք ուրիշի դիմագծերը քեզ լինի ծիծաղս
սիրուս հետաքրքիր հատվածներն ու … ես
նայիր ինձ
ես եմ
ձեռքերիս որդնած ձանձրույթով
ձեռքերիս անտարբերությունը մսխած
վախենում եմ մտածել քո մասին
քո` ինձ կորցնելուց առաջ

սիրով` բանաստեղծությանս

No comments:

Post a Comment