ՓՆՏՐՈՒՄ ԵՄ ԱՅՆ ՀՈՂԸ, ՈՐ ԴԵՌԵՎՍ ՈՏՆԱՀԵՏՔ ՉԻ ՃԱՆԱՉԵԼ



«Նա պարզապես իրականացնում է բառերի` չեղած տեղերում գոնե մի անգամ լինելու երազանքը», - այսպես են բնութագրում երիտասարդ բանաստեղծուհի Հասմիկ Սիմոնյանի պոեզիան: «Լուսնոտ բառեր» գրքի համար (դեռևս ձեռագիր վիճակում) Հասմիկն արժանացել է Սլավիկ Չիլոյանի անվան մրցանակի, ապա տպագրվելուց հետո` ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի: Գրականության բնագավառում նաև շատ այլ մրցանակների արժանացած բանաստեղծուհին 20 տարեկան է, սովորում է ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի 5-րդ կուրսում: Տպագրվել է «Գրական թերթ», «Գրեթերթ», «Նարցիս», «Գարուն» և այլ պարբերականներում: 2007-ից Հայաստանի Գրողների միության անդամ է:

Համակարգչային ու տագնապաքայլ ընթացող մեր դարում պոեզիայի, գրականության համար ասես տեղ չի մնացել: Այսօրվա երիտասարդի համար գիրքն ինտերնետային, ակումբային և այլ զբաղմունքներից հետո զբաղեցնում է չգիտեմ որերոդ տեղը: Սակայն երիտասարդ ստեղծագործողի հետ զրույցն օգնում է այլ կերպ նայել երևույթներին… արժեքները երբեմն չեն կորցնում իրենց տեղն ու դերը, ժամանակների հետ կապված խնդիրները ժամանակավոր են…
- Ի՞նչ կասեիր ժամանակակից գրականության կամ պոեզիայի առանձնահատկությունների մասին:
- Պոեզիան, կարծում եմ, գտնվում է մարմնի և հոգու միաջանկյալ տարածքում: Եվ քանի որ մարմինը նույն հաջողությամբ կարելի է հոգու հագուստը համարել, ամեն սերունդ բերում է իր նորաձևությունը: Բայց պոեզիան ունի իր կանոնները, և այստեղ լավագույն նորը հաստատ մոռացված հինը չէ: Ես, օրինակ, փնտրում եմ այն հողը, որ դեռևս ոտնահետք չի ճանաչել: Տերյանական ոճն ամենալավը ստացվել է հենց Տերյանի մոտ, և տվյալ դեպքում կրկնությունը ոչ թե գիտության մայրն է, այլ քո ձեռագրի բացակայությունը: Ժամանակակից պոեզիան 21-րդ դարում ապրող ամենասովորական բնակչի պես է… Այսօր, օրինակ, հանգերով գիրը, (իհարկե, չհաշված որոշ բացառություններ) տեղում դոփելուց վատ է, այժմ վերլիբրի ժամանակն է` ազատ բանաստեղծության, և եթե ազատությունը հիմնահարց է, ապա մեծ համակիր եմ, իմ պոեզիան` նույնպես, պարզապես մնում է չմոռանալ, որ ազատությունը ևս սահմաններ ունի…
- Ինչպիսի՞ն են հարաբերությունները հին ու նոր գրողների:
- Յուրաքանչյուր նոր սերնդի համար նախորդ սերունդը հանդես է գալիս ուսուցիչ+թիրախ կարգավիճակով, և անգամ հինը փշրելու գործոնը չի խանգարում զերծ չմնալ ազդեցություններից (օրինակ` ուսանողների դեպքում` դասախոսակազմից բողոքելը և նաև նույն ուսանողների հետագա սրտաճմլիկ շնորհակալություններև և այլն): Իսկ ազդեցությունները ոչ միայն անխուսափելի են, այլև բնականոն, չէ՞ որ պտուղը ծառից հեռու չի ընկնում…
- Քննադատություն…
- Քննադատությունը բահ է, առանց որի ոչ մի այգեպան չի կարող ինչպես հարկն է փխրեցնել հողը: վերջիվերջո բոլորին էլ կողիք աչքն օգնում է, եթե տեսողությունն առողջ է ու սթափ:
- Կին-բանաստեղծի տեսակը շա՞տ է տարբերվում կին-բժիշկ, կին-իրավաբան ու մյուս կին տեսակներից:
- Կին-բանաստեղծի զգայական նյարդն ավելի բաց է…
- Ի՞նչն ես անընդունելի համարում կյանքում:
- Միջակությունը:
- Իսկ արվեստո՞ւմ:
- Գրագողությունը:
- Պատմիր նախասիրություններիդ մասին:
- հետաքրքրվումեմ բուդդիզմով, դաջվածքների պատմությամբ: Սիրում եմ ռոք երաժշտություն, նաև ջազ, բլյուզ: Թեյը նախընտրում եմ առանց շաքարի: Գույներից սիրում եմ սևը, որովհետև սպիտակը ոչ միայն ագրեսիվ է, այլև սենտիմենտալ, ֆիլմերից`«Մթության մեջ պարողն» ու «Ամելին»: Այս ամենին զուգահեռ միշտ և ամենուր սիրում ու հավատում եմ Աստծուն և գիտեմ, որ այդ սերը փոխադարձ է, ինչի համար ուրախ եմ…
- Ի՞նչը կփոխեիր կյանքում:
- Կվերացնեի բոլոր տեսակի սերիալները և երաժշտության ռաբիս տեսակը, եթե իհարկե դա երաժշտություն է:
- Հասմիկ, ծայրահեղ ցանկություններ ունենո՞ւմ ես, ասենք, Արարատի գագաթը բարձրանալ և այլն:
- Պոեզիան ծայրահեղ ցանկությունների կիզակետ է: Արթյուր Ռեմբոն ասում էր, որ բանաստեղծն իրեն տեսանող է դարձնում բոլոր զգայությունների երկարատև, անսահմանափակ ու գիտակցված խանգարումի միջոցով: Նա որոնում է ինքն իրեն, սպառում իր մեջ բոլոր թույները, որպեսզի պահպանի դրանց էությունը: Պոեզիան արդեն ծայրահեղ ցանկություն է:
- Ի՞նչ ես կարծում, հնարավոր է նոր բան ասել սիրո մասին:
- Սիրո մասին նոր բան չասելն է անհեթեթ…
- «Օտար ամայի ճամփաներում» բախտ որոնելը, չգիտեմ էլ, գուցե ժամանակակի՞ց է, թե՞ ավանդական: Կամ գուցե ճակատագի՞ր է: Չէի՞ր լքի հայրենիքը…
- «Ես չեմ լքի իմ քաղաքը, որ այն ավելի փոքր չդառնա», - ասել է Պլուտարքոսն ինչ-որ ժամանակ: Ես կհետևեմ նրան:
- Ծրագրերիդ մասին կպատմե՞ս:
- Ծրագրերի մասին նախընտրում եմ լռել, կարծում եմ, որ չկատարած գործերի մասին խոսելիս էներգիայի մեծ մասն անիմաստ վատնվում է, ուստի ինչը կա` կա, իսկ չծնված գործերիս `բարի ազատում…

Արմինե

Մենք, Դուք, Նրանք.  թիվ 1(40)
2008

No comments:

Post a Comment