Հեշտ չէ բանաստեղծների հետ, բայց առանց բանաստեղծների էլ այն չէ...

«Հեշտ չէ բանաստեղծների հետ, բայց առանց բանաստեղծների էլ այն չէ»
21.03.2013 | 18:47

1999-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համագումարում որոշվեց մարտի 21-ը նշել որպես Պոեզիայի համաշխարհային օր: Առաջին անգամ այն նշվել է Փարիզում: Տոնի հիմնական նպատակը պոեզիայի քարոզչությունն է, ինչին արդեն երեք տարի է` մասնակցում է նաև մեր երկիրը:
Հիշեցնենք, որ Երևանում (ապրիլի 15-21-ին) առաջին անգամ կանցկացվի պոեզիայի միջազգային փառատոն, որի շրջանակում Հայաստանում կհյուրընկալվեն նշանավոր գրողներ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում` երկու գրող Թուրքիայից` Արթուր Բարամօղլուն և ազգությամբ քուրդ Իրֆան Բաբաօղլուն:
Փառատոնին մասնակցող գրողների շուրջ 100 ստեղծագործություն կամփոփվի անգլերեն և հայերեն զուգադիր թարգմանությամբ գրքում, ուր տեղ կգտնեն նաև Արցախի և սփյուռքի հեղինակների ստեղծագործությունները:
Փառատոնի շրջանակում մայրաքաղաքում բացվելու է պոեզիայի պուրակ: Գրական այս նոր հարթակի համար գրողները նախընտրում են Մաշտոցի պողոտային հարող պուրակը:
«Մենք ապրում ենք մի երկրում, ուր պոեզիայի համար պայքարող ճիշտ այնքան մարդ կա, ինչքան բնության համար,- մեզ հետ զրույցում ասաց բանաստեղծ ՀԱՍՄԻԿ ՍԻՄՈՆՅԱՆԸ:- Բնապահպանների և պոեզիա սիրողների թիվը զարմանալիորեն համընկնում է
և` ոչ լավ առումով. մենք քիչ ենք, բայց որակով, ասածս թող մեծամտություն չդիտվի, պոեզիան արձակի պես ամեն քիմքի համար չէ: Պատահական չէ, որ հրատարակիչներն էլ խուսափում են պոեզիա տպագրելուց` համարելով այն ոչ շահավետ, այդպես էլ ծառերի ու անտառների փոխարեն նախընտրությունը տրվում է շահավետ հանքերին և վնասաբեր միջավայրին: Իսկ մարդուն հարկավոր է բնություն ու պոեզիա, ուստի պոեզիայի պուրակի գաղափարը ես համարում եմ փոքրիկ ժեստ, ընդառաջ քայլ դեպի մարդը»:
Հասմիկ Սիմոնյանը հավելեց նաև, որ կուզենար` ծառերը խնամվեն ոչ ավելի վատ, քան բանաստեղծները, որովհետև երկուսն էլ կարող են աճել միայն հոգատար խնամքի դեպքում:
«Զարմանալի չէ, որ տնտեսապես առողջ երկրներում է ստեղծվում լավ պոեզիա, և լավ բանաստեղծությունն է հիմք դառնում ամուր պետության համար,- ասաց նա:- Հեշտ չէ բանաստեղծների հետ, բայց առանց բանաստեղծների էլ այն չէ, ինչպես իմ սիրած բանաստեղծներից մեկն է գրել.
Դժվար է քեզ հետ
և անտանելի առանց քեզ»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

No comments:

Post a Comment