*
խելագարությունը թրջված շան պես հաչում է վրաս
բանաստեղծական սրտխառնուքը բավական է շփոթեք հղիության նշանների հետ
ես կուլ եմ տվել դառը հաբերը հակալացի հակատխրության
և մնացյալ բոլոր հակաների
ներիր սիրելիս քեզ համար մոռացա թողնել մի քանի հաբ…

քո բացակայության անձրևներից հետո
քո սառած ձեռքերով ես փակեցի երկինքը կեսգիշերից առաջ
ու հուզվեցի թաքուն առանց պատճառի
երևի մտքովս գերեզմանները անցան և աղակալած քարերը դաշտերի
սուրբ Սարգսի տոնի նախօրյակից հետո…

ես ամեն օր քեզ նայում էի տարբեր մատների արանքից
դու անընդհատ նույնն էիր
իսկ խելագարությունս կանչում էր ինձ գնացքի տակ ընկնելու
և բացատրում էր
որ ուշացած ճանապարհներին աղակալած քարերը շախմատ էին խաղում
թեև քար էին պարզապես ու ամենասովորական
և հարկավոր էր գոռալ անժամանակ սիրո երեսին…

լացը սառած ոտքերից կոշիկները հանեց
ես արցունքներս շպրտեցի հատակին
ու
բարձրաձայն գոռացի որպեսզի վախս չկծկվեր իմ ներսում

սիրելիս

.......................................................................

…հիմա խելագարությունս թրջված շան պես հաչում է վրաս
հիմա իմ աչքերից իջնող ձյունը հալվում է այտերիս
և ծաղիկներ են բացվում քո ափերին իմ անունից…

անվերջանալի ցրտից ու ձյունից անզգայացած բռունցքներով
ձմռան մի ցուրտ օր թակիր իմ դուռը սիրելիս
իմ չլվացված մազերով ես կտաքացնեմ մրսած ձեռքերդ
ու կհամբուրեմ ջերմորեն
ես կանջատեմ աստղերի լույսը
կփակեմ երկնքի վարագույրը մեր ընդհանուր կեսգիշերից առաջ
ու կհուզվեմ թաքուն շների բացահայտ ոռնոցից
և ապակիները լիզող արցունքներիս շատությունից զարմացած

No comments:

Post a Comment