տնից-տեղից հեռու-3

Օ~, աղջիկս…
անցյալի ափին անգո,
որտեղ դու դեռ ինքդ չէիր,
այդ երգի մեջ կճանաչես դու ինքդ քեզ:
Ռ. Թագոր
Օ~, աղջիկ,
ես ոչ ոքի նման չեմ, առավել ևս քեզ,
և դժվար թե դու քեզ ճանաչես իմ մեջ,
բայց… ես սիրով կուլ կտայի մեր ժամանակը,
եթե այն դեղահաբի նմանվեր և նյարդերս չգզեր կատաղած շան նման…
կատաղությունը, ասում են, վարակիչ է…
ուրեմն ես կատաղած եմ և… շուն
էգ շուն…

(աստղանիշ - շնային ժամանակներ -…)
…հայելու առաջ մեզ կիսագեղեցկուհիներ դարձնող ժամանակը
կրծեցինք ազգովի կուկուռուզնիկի շենքի պես,
հիմա մենք մերժում ենք սովետ-դարպասների ժանգոտ ճռճռոցը,
և դարպասներից, սակայն, չենք հեռանում,
զի ներսինը մեր ծնողների մեջ էր,
մեզ ավելի ծանոթ, քան իննամսյա հանրահայտ մեր բանուգործը…
դուրսը մի քիչ մութ է, լույսը` անջատած…

գրաֆիտիները ժխտում են պատը,
աղջիկ,
մենք մեր ազատությունը առանց ճաղերի չենք պատկերացնում,
ինչ-որ բան ուզում ենք մերժել
հանուն ապագայի պայծառության,
որ ծակծկում է մեր աչքերը հեռվից. մազոխիստ սատկում ենք…
սիրված ենք, լավն ենք,
ու մեզ կուղբեր են պետք
դիմացինի աչքի գերանը շոշափելու համար,
լրիվ օտար կուղբեր, որ մեր աչքի չոփով ատամների մնացորդները քչփորեն,
մենք էլ հավատանք… մեզ…

(աստղանիշ - շնային ժամանակներ - անոսկոր կյանք -…)
…իշխանությունների մայրիկը լացացնող մեկը, որ անվերջ գոռում է
մատները ականջները խցկած հասարակության բթամիտ դեմքին,
թե այն բաժանվում է 1-երի անվերջ բազմության,
պարբերաբար մոռանում է Աստծուն և Էդիսոնին,
զի լույսը նաև մենաշնորհն էր նրանց…

մենք…

մենք երեխաների անիմաստ ծնունդների փոխարեն
դաջվածքներ ենք անում մեր որովայնին,
և կետչուպահամ էրոտիկան արևի պես լղոզվում է մեր մեղքերին…

(աստղանիշ - ես ու դու - …)
բնապահպանի ազնիվ հագուկապով
ես քերում եմ դպրոցի պատերից ֆեմինիստ դեռահասի իմ գույնը
և ընդունում եմ լույսը, հատկապես` էլեկտրական,
և մերժում եմ ներկայությունը քո,
ինչպես մազածածկույթը թևատակերի
և նեխած քրտնքահոտը հողի, մի խոսքով, հիշեցիր երևի…

սեղանին մոռացվող ծաղկեփնջերի,
մեր շուրթերի բանաձևումների, անձրևի, ցեխի ու ձյան, երկնքի ու քո կողքին
ինձ դեբիլի տեղ դնող իմ ես-ը
Չելենտանոյի երգի ուղեկցությամբ քեզ լվանում է սպիներիդ կարկատաններից
և լվացքի պարանը արդեն քո ուղեկցությամբ քշում արևկողմ…

(աստղանիշ - երկնային հարևաններ - ես ու դու - …)
…վերքերից ամաչում եմ,
հիմա ամեն աստղ սեփականաշնորհված է,
և գիշերը ադմինիստրատորի բուտիկից
գրանցման թերթիկ է պահանջում.
զի երկնքի ամեն հատված չէ, որ կընդունի քո աղոթքը.
քորիր մեջքս, խնդրում եմ, ես քեզ շատ եմ սիրում,
և կրծիր իմ եղունգները ձեռքերիս ու ոտքերիս.
ես քեզ կսիրեմ…

(աստղանիշ)
<<իսկ նկարները մեզ չեն սպառնում կանխորոշությամբ>>,-
հուշում է հնդիկ պոետը:

ես իջեցնում եմ նկարները պատից,
քո մեղքերը բարձրանում են առաստաղն ի վար,
ես ընդունում եմ իրար հյուսած ձեռքերիդ պարանը
և մատներիդ անգոյությունը պարանոցիս…
լուցկու տուփի մեջ ես հավաքել էի քո սատկացրած ճանճերին,
կբզզայի քո ականջին,
բայց… ամեն ինչ լուրջ է իրականում…
ու երբ ընկնեմ հատակին,
ուսերիս կգցես տաք հավատը քո,
և Հիսուսը կտեղավորվի Մարիամի ձեռքերում,
ինչպես դու մորդ…

…պատուհանները կարդացած գրքի պես կփակվեն,
մրսած թարթիչներով ևս մի օր
կկանգնի ամռան արևի տակ
ու կամուրջ տանող ճանապարհին կփորձի աղոթել…
1+1+1+1…

No comments:

Post a Comment