*
այգի առ այգի
աշուն առ աշուն
կրակայրիչը ձեռքիս
օրը ցերեկով փնտրում եմ քեզ

ամիսը վերջանում է զարմանալի արագությամբ

անշտապ քայլերով մի կում խմիր սուրճիցդ
հագիր վերարկուդ
ստուգիր գրպաններդ
և…
որտե՞ղ ինձ մոռացար, սիրելիս

քաղաքի ափսեին
սուրճի բաժակի պես շրջվում էր գիշերը
(երևի կսեղմվեիր ինձ հիմա)

նոյեմբերը դառն էր
բայց ավելի դառն էր սուրճը
ամենադառը անձրևն էր
որ հետաքրքրությունից մեռնելով թափվում էր
կանգառի գորշության մեջ սեղմում
կատվի միզահոտը
գլխացավի նորագույն տեսակն ու
հին ընկերների չերևացող տարբերակները

այգի առ այգի
աշուն առ աշուն
փողոցի կոնքերն ի վար ես գծում եմ անունդ ոտքերով
ուսերիս գցիր ցուրտը և աղոթիր մոտակա կանգառում
որովհետև ես միակ աղջիկը չեմ
ով կրակայրիչը ձեռքիս փնտրում է քեզ
և պատրաստվում է դաժանորեն ժպտալ թե`
որտե՞ղ ինձ մոռացար, սիրելիս
թե` կսեղմվեիր ինձ հիմա
ինչպես բոբիկ ոտնամատերդ սեղմող կոշիկներում
և բարձը չքնելուց զզված աչքերիդ

կսեղմվեիր ինձ
եթե ևս մի անգամ համարձակությունդ կարոտեր ինձ
sms-եիր ինձ ու կրկին անհետանայիր
ես սովոր եմ արդեն
քո քառակուսի հումորների ճաղերի ետևից որսալ
ծիծաղիս պատռված գուլպաները
նոյեմբերի սրճահամ ցեխաջրերն ու գիշերվա սառչող հմայքները
առավոտվա ապակիներին

կսեղմվեիր
ինձ` կրակայրիչը ձեռքիս օրը ցերեկով քեզ փնտրող
ինձ` ավելի դառը, քան նոյեմբերը
ինձ` ավելի մենակ, քան մենությունը
երևի
հիմա
անշտապ քայլելով մի կում խմիր սուրճիցդ
ծխիր բոլոր մտքերդ
և հանգիստ թող աստծուն`
կանգառի գորշության մեջ փոքրացած
և մի’, մի’ սեղմվիր ինձ
ինչպես բոբիկ ոտնամատերս սեղմող կոշիկներում
և բարձը չքնելուց զզված աչքերիս
որովհետև ես միակ աղջիկը չեմ
ով ժպտում է կրակայրիչը ձեռքին
և այգի առ այգի
աշուն առ աշուն
այրում
հերթական տերևների չորացած ընկերախումբը
զարմանալի, զարմանալի արագությամբ…

որտե՞ղ ինձ մոռացաք, սիրելիներ…


2007թ. դեկտեմբեր

No comments:

Post a Comment