Սուրեն Աբրահամյան

գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու


հատված «ՀԵՂԱՓՈԽՈԻԹՅՈՒՆԸ  ՇԱՐՈՒՆԱԿՎՈԻ՞Մ Է...» հոդվածից

Այսպես` ուրեմն, հեղափոխությունը շարունակվու՞մ է… թե՞ անավարտ է դեռևս, ոչ ամբողջական պրոցեսը, որն արտահայտվում է «հոգևոր վթարի», կամ, ինչպես բանաստեղծուհի Հասմիկ Սիմոնյանն է մեկնաբանում նաև` նույնը վերաբանաձևելով «հրաժեշտ բառին» արտահայտությամբ (նույնանուն շարքում), («Գրեթերթ», մարտ, 2010): Այս բանաստեղծուհին, որ առանձնապես հետաքրքրում է և համակրելի է իր ոճով, օժտվածությամբ, «Լուսնոտ բառեր» (2005) ժողովածուից հետո հասցրել է հրապարակել նաև երկրորդ` «Թափթփված սենյակներ» (2010) ժողովածուն, բայց դեռևս Ճանապարհի և ինքնության փնտրտուքի, ներքին սուզումների, բանաստեղծական ձայնի որոնումների մեջ է: Եթե անգամ առաջին ժողովածուն արժանացել էր Սլ. Չիլոյանի անվան մրցանակին, բայց նրա ձայնի մեջ իշխում էր «ճերմակ լռությունը», «լույսի մատնահետքը», երկնագույնն ու թաց կապույտը, մեղեդային անսահմանության ձգտումը, բայց իրականում բանաստեղծուհին որոնում է բառի ներքին ձևը և իմաստը, այսինքն` փոխաբերական իմաստը (ասել է` լուսնոտ բառ-ը):
Բայց շարունակվող ընթացքը բանաստեղծուհին անցնում է` ինչպես Ժ. Դերիդան է ասում` հրդեհելով պոետիկայի գրադարանը, մեծարելով… հիշողության կորուստը: Այսինքն` նախընտրելով արկածախնդրության ուղին, գնում է ոլորաններով ձգվող ճանապարհով, ուր, զգալով վտանգը` բանաստեղծուհին ենթարկվում է «դժբախտ պատահարի»: Դերիդան այդ փոխակերպումը համեմատում է «խայթող ու վտանգավոր, չհարմարվող… գնդի», փշեր ունեցող ոզնու հետ: Բայց ամենից էականը, որ հավելում է Դերիդան, այն է` «առանց պատահարի չկա քերթություն… որը չբացվի որպես վերք, բայց և որը նմանապես չվիրավորի» («Գրեթերթ», հոկտ., 2008թ.): Ուստի Հասմիկը ինքնահրաժարումը նոր` «Թափթփված սենյակներ» ժողովածուում նկարագրում է` ասելով, թե ինքը (հերոսուհին), հրաժարվելով գրադարանից, կփորձի փրկվել վհուկ-գրականությունից, որովհետև`


ուշադրություն`
ես ագռավ եմ` սև, մեծ եղունգներով
կտցահարելու պատրաստ…

Ինչու՞… որպեսզի «բզկտենք մարդկանց սրտերը պոեզիայի չարագուշակ կռռոցով»:
Գրադարանները «կակազում են դրսի աշխարհի մասին» և «ոչինչ չգիտեն տաք, տաք երկրներից»: Բանաստեղծուհին, այսպիսով, հրաժարվում է պոեզիայից, ինչը «Պոեզիային…» բանաստեղծության նյութն է, ասելով` այնտեղ, ուր պոեզիան է, մայրը սեղանին ոչ թե երեք, այլ մի թաս խնձոր է դնում, փողոցներում սպիտակ սքեյթով ասպետներ են հայտնվում, «Ավանգարդի» փարթիներից մեկը լքելիս հերոսուհին աստիճանին մոռանում է կոշիկը և կեսգիշերից առաջ սպասում հրաշքների, մետամորֆոզների… Պոեզիայի միֆը, նրա աուրան քայքայվում է: Հերոսուհու արքայազնը ջինսով է, կոշիկը ոչ թե 35, այլ 38 համար է: Հասնելով տուն` հերոսուհին հայտնվում է բաղնիքում, պառկում լոգասենյակի սառը հատակին, զուգարանակոնքից վեր… ձեռքերը հպվում են իր որոնած մոլորակին, իսկ մայրը թակում է բաղնիքի դուռը` փորձելով սթափեցնել իրականությունից հեռացող հերոսուհուն… Հ. Սիմոնյանը լքում է քերթությունը` հրաժարվելով բառից, արժեզրկելով բառը, որովհետև, ինչպես ասում է «Հրաժեշտ բառին» շարքում («Գրեթերթ», մարտ, 2010թ.)` «օրերս չեն անցնում, այլ վիժում են ինձ…»: Բառերի հայելին կեղծ է, ինչպես հայրը (իսկ հոր կերպարը նաև իր եսն է կրում` իբրև ժառանգության խորհրդանիշ), որ մնացել է գրքերի հետ (մեջ), հիշողության տանիքին… Իսկ հերոսուհին «ամեն օր սպանում է հորը… իր իսկ (հոր) փրկության համար»: Սուր-սուր փշերը խրվում են մարմնի մեջ, վիրավորում, որ գրականությունն ապրի: Հոր հետ այլևս չի խոսում, մենության մեջ լսում է Մոցարտի «Ռեքվիեմը», իսկ հայրը, կոտրելով դուռը, արնաքամ, փորձում է ժպտալ քաղաքին (քաղաքի որովայնին), որովհետև` «բոլոր հայրերը ժպտում են մեզ»… Այսինքն` բանաստեղծուհին հրաժարվելով պոեզիայից, բառերից, կետադրությունից, կարելի է կարծել, ձուլվում է «բանաստեղծության համատեքստին», ասել է` բանաստեղծության էությանը: Իսկ Ռոբերտ Ֆրոսթը իր «Շարժում, որ տեղի է ունենում չափածո տողում» հոդվածում, բանաստեղության նման ընկալումը մեկնաբանում է այսպես. «Հնչյունը ոսկի է, որ թաքնված է հանքաքարի մեջ: Ուրեմն, կորզենք դրանից հնչյունը և դեն նետենք մնացյալ ոչ էականը»5, - ինչը փորձում է անել Հ. Սիմոնյանը: Բայց եթե նույն հնչյունը (մեղեդին) բանաստեղծուհին դեռևս անվերջ կրկնու՞մ է… Ահա հարցը… որը նոր ընթացք է ու նոր փուլ: Բանաստեղծուհին դեռևս չի հաղթահարել անցման (փոխակերպման) շրջանի դրաման, որ կարող է վճռական լինել իր բանաստեղծական ճակատագրում:
Այսպիսին է, այնուամենայնիվ, նորի ծննդյան ինքնությունը, որ կարիք ունի բախվելու իր ներքին քաոսին, եթե… մաքուր է իսկապես բանաստեղծի հոգու հայելին, ձայնը` միայն ինքնիրենը, ինչը, իբրև փրկության խարիսխ, պետք է պահպանի Հասմիկ Սիմոնյանը:


Գրեթերթ 2011


  

No comments:

Post a Comment