Հասմիկ Սիմոնյան


Էսթերի

ինձ ոչ ոք չի սիրել քեզ նման
և ոչ ոք չի լքել քեզ պես

ճմրթվող թղթերի վրա ես քո անունն էի գրում
հեռու երկինքներից ագռավները գալիս էին ու պատմում քո մասին
ես պատերը կրծում էի շաքարի պես
և օրերիս վրա կիտրոնի պես բարակ շերտիկներ էին մելամաղձի
ես խմում էի հիշողությունը քո մասին
թունդ թեյի փոքրիկ բաժակներով
անընդհատ
անընդհատ
անընդհատ
բայց դու չէիր գալիս
չնայած քամին քո անունն էր շրխկացնում դեմքիս
և դռները փակվում էին իմ առաջ
և ժամերը խլացած գոռում էին`
ինչի չեկար
ինչի հետ չեկար

Արյունս

Սալի Ման. կատարյալ պոմիդոր
կարմիր
ցփնած
անոթի 
մեջ
էիր

հին դարակները դասավորելիս
մայրս
պարսկական թեյի բաժակներ
հանեց
խնդրեցի մեկը
բոլորը նվիրեց

դու
կարմիր
կարմիր
կարմիր էիր

բաժակներից օգտագործում եմ միայն մեկը
մյուսների փոշին ալարում եմ մաքրել

կարմիր
չթակեցիր դուռը, որ բացեմ քո առաջ
չլացեցիր, որ արցունքներդ սրբեի
չմրսեցիր, որ տաքացնեի

Poesía armenia

Արդի հայ պոեզիան իսպաներեն են թարգմանել Անա Արզումանյանն ու Ալիս Տեր-Ղևոնդյանը: 


Ներկայացնում է Անա Արզումանյանը, Բուենոս Այրես 2012