Խորհրդարանական ընտրությունները գնացին, մնացին` հայհոյանքները, միմյանց երեսին ցեխ շպրտելը, կեղծ կուսակցականամոլությունը ու «հանուն» դրա` սեփական դեմքը կորցնելը եւ… 10 000 դրամանոց ընտրազանգվածը` չհաշված խոստումների շքերթը` մարդկանց գլխավերեւում կախված… Ժամանակակից գրողներից յուրաքանչյուրը ընտրությունների արդյունքներին տարբեր «անուններ» են տալիս, սակայն այդ անվան բոլոր տառերն էլ դժգոհության մեջ են թաթախված…
Բանաստեղծ Հասմիկ Սիմոնյան - Մեր դեպքում ընտրել, նշանակում է ցուցաբերել ոչ թե սեփական կամքը, այլ ոմն գրպանատիրոջ: Ու, ցավոք, ես ճանաչում եմ իմ հասարակությանը, որը հայրենասիրություն է համարում ոչ թե սեփական կամքով գնալ ընտրության, այլ տրվել ազգայնական տխմար նկրտումներին, գրել լատինատառ և զկռտալ կեղծ ճառեր: Մենք ունենք այն, ինչ ունենք: Ունենք գոմաղբի բզեզի տրամաբանություն. թրիքից էն կողմ աշխարհը վերջանում է: Անհատը մեռցնում ենք մարդու մեջ կամ լավագույն դեպքում քնեցնում` այլևս երբեք արթուն չտեսնելու հույսով:

