Սուրեն Աբրահամյան

գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու


հատված «ՀԵՂԱՓՈԽՈԻԹՅՈՒՆԸ  ՇԱՐՈՒՆԱԿՎՈԻ՞Մ Է...» հոդվածից

Այսպես` ուրեմն, հեղափոխությունը շարունակվու՞մ է… թե՞ անավարտ է դեռևս, ոչ ամբողջական պրոցեսը, որն արտահայտվում է «հոգևոր վթարի», կամ, ինչպես բանաստեղծուհի Հասմիկ Սիմոնյանն է մեկնաբանում նաև` նույնը վերաբանաձևելով «հրաժեշտ բառին» արտահայտությամբ (նույնանուն շարքում), («Գրեթերթ», մարտ, 2010): Այս բանաստեղծուհին, որ առանձնապես հետաքրքրում է և համակրելի է իր ոճով, օժտվածությամբ, «Լուսնոտ բառեր» (2005) ժողովածուից հետո հասցրել է հրապարակել նաև երկրորդ` «Թափթփված սենյակներ» (2010) ժողովածուն, բայց դեռևս Ճանապարհի և ինքնության փնտրտուքի, ներքին սուզումների, բանաստեղծական ձայնի որոնումների մեջ է: Եթե անգամ առաջին ժողովածուն արժանացել էր Սլ. Չիլոյանի անվան մրցանակին, բայց նրա ձայնի մեջ իշխում էր «ճերմակ լռությունը», «լույսի մատնահետքը», երկնագույնն ու թաց կապույտը, մեղեդային անսահմանության ձգտումը, բայց իրականում բանաստեղծուհին որոնում է բառի ներքին ձևը և իմաստը, այսինքն` փոխաբերական իմաստը (ասել է` լուսնոտ բառ-ը):